Իրավապահները մոտ մեկ ամիս առաջ սահմանափակել էին «Բարգավաճ Հայաստան» կուսակցության առաջնորդ Գագիկ Ծառուկյանի ելքը Հայաստանից՝ փակելով սահմանային էլեկտրոնային կառավարման տեղեկատվական համակարգը (ՍԷԿՏ), գրել է «Հրապարակ» թերթը՝ հղում անելով իր աղբյուրներին։
Ըստ թերթի՝ արգելքը կիրառվել էր 2018-2019 թվականներին հարուցված քրեական գործի շրջանակում և անսպասելի էր նույնիսկ Ծառուկյանի պաշտպանների համար։
Թերթի տեղեկություններով՝ մոտ 10 օր առաջ Պետական եկամուտների կոմիտեն ստուգումներ էր սկսել «Շանգրի Լա» խաղատանը։
Լրատվամիջոցը նաև հիշեցրել է, որ շարունակում է քննվել Ծառուկյանի որդու նկատմամբ հարուցված քրեական գործը, որի նկատմամբ կալանքի և հետախուզման որոշումը պահպանվում է։
Ծառուկյանը մեղադրվում է 2017 թվականի խորհրդարանական ընտրությունների ընթացքում ընտրողներին կաշառելու մեջ: Ըստ մեղադրանքի՝ նա ԲՀԿ-ից առաջադրված թեկնածուի օգտին 17 000 ձայնի դիմաց բաժանել է 171 մլն դրամ (427 000 դոլար): Ծառուկյանը հայտնել էր Մարդու իրավունքների եվրոպական դատարան դիմելու մտադրության մասին:




































