44-օրյա պատերազմում զոհված Հակոբ Ռոստոմյանի հոր՝ Արա Ռոստոմյանի տնային կալանքը չի երկարաձգվի: Դատարանը որոշել է նրա նկատմամբ սահմանված բացակայելու արգելքը թողնել անփոփոխ և վարչական հսկողություն՝ համակցված բացակայելու արգելքի հետ, որոնք ուժի մեջ կմտնեն նոյեմբերի 25-ից։
Դատավոր Կարեն Ֆարխոյանը նշել է, որ Ռոստոմյանը վարչական հսկողության ընթացքում պարտավոր է չփոխել բնակության վայրը՝ առանց վարույթն իրականացնող մարմնի թույլտվության, ամեն օր 21։00-8։00-ն պարտավոր է գտնվել բնակության վայրում և շաբաթը մեկ անգամ գրանցվել Պրոբացիայի ծառայությունում։ Ռոստոմյանին արգելվել է գտնվել մարդաշատ վայրերում։
Դատարանն, ըստ Ֆարխոյանի, գտնում է, որ նրա տնային կալանքի հիմքերը նվազել են, իսկ սահմանված խափանման միջոցները կարող են պատշաճ ապահովել նրա վարքագիծը։
Շարունակվում է «Սրբազան պայքար»-ի առաջնորդ Բագրատ արքեպիսկոպոս Գալստանյանի և 17 աջակիցների նախնական դատալսումները։ Դատարանը քննում է մեղադրյալներից մի քանիսի խափանման միջոցի հարցը։
Հունիսի 26-ի գիշերը դատարանը բավարարել էր քննչական մարմնի միջնորդությունը՝ Գալստանյանին երկու ամսով կալանավորելու վերաբերյալ։ Օգոստոսի 21-ին դատարանը Ռոստոմյանի նկատմամբ տնային կալանք էր կիրառել։





































