Փաստաբան, «Մեր ձևով» ժողովրդական շարժման անդամ Ռուբեն Մխիթարյանին քրեական մեղադրանք ներկայացնելու, ազատությունը սահմանափակելու որևէ հիմք չկար, ասված է Քաղաքական իրավունքների հայկական կենտրոնի տարածած հայտարարության մեջ։
Նշվում է, որ ՔԻՀԿ մասնագետները հավաքի վայրում ուղիղ եթեր ապահովող մի քանի լրատվամիջոցի տեսանյութերի զուգահեռ համադրումով ստացել են Մխիթարյանի ձերբակալությանն անմիջապես նախորդող իրադարձությունների պատկերը։
«Տեսանյութերում ակնհայտ երևում է, որ Մխիթարյանը չէր կատարում որևէ հակաօրինական գործողություն։ Ավելին՝ փաստաբանը գտնվում էր ոստիկանների և ցուցարարների հրմշտոցից հեռու և, առհասարակ, ոչինչ չէր անում, բացի ձեռքերը վեր պարզելուց։ Հետևաբար՝ փաստաբանին ոչ միայն նման քրեական մեղադրանք ներկայացնելու, այլև ազատությունը սահմանափակելու որևէ հիմք չկար»,- ասված է հայտարարության մեջ։
Նշվում է նաև, որ այս ամիս Մխիթարյանը երկրորդ փաստաբանն է, որը կամայականորեն կալանավորվել է։ Մյուս փաստաբանը՝ Ալեքսանդր Կոչուբաևը, դեռևս գտնվում է անազատության մեջ։
Հոկտեմբերի 20-ին ուժայինները ձերբակալել, այնուհետ 2 ամսով կալանավորել էին Մխիթարյանին։ Նրան բերման էին ենթարկել, երբ փորձել էր կանխել ոստիկանության կողմից ուժի կիրառումը Գյումրիի քաղաքապետարանի մոտ ակցիա իրականացնողների նկատմամբ։ Նրանք հավաքվել էին՝ ի պաշտպանություն քաղաքապետ Վարդան Ղուկասյանի, որին ավելի ուշ կալանավորել էին։






































