ՀՀ կառավարությունը հոկտեմբերի 16-ի նիստում հավանություն տվեց «Դատապարտյալների հիվանդանոց» քրեակատարողական հիմնարկի գործունեությունը դադարեցնելու նախագծին։
Հիվանդանոցի փոխարեն կգործի նոր բաժանմունք՝ «Արմավիր» քրեակատարողական հիմնարկում ստեղծված «Քրեակատարողական բժշկության կենտրոնի» կազմում, որտեղ կտեղավորվեն դատապարտյալներն ու կալանավորվածները։ Հոգեկան առողջության խնդիրներ ունեցող անձանց բուժումը կկազմակերպվի «Հոգեկան առողջության պահպանման ազգային կենտրոնում»։
Արդարադատության նախարարության նախագծով՝ «Դատապարտյալների հիվանդանոցը» փակելու պատճառը Եվրոպայի խորհրդի խոշտանգումների կանխարգելման կոմիտեի գնահատականն է, ըստ որի՝ այն չի համապատասխանում միջազգային բժշկական ստանդարտներին։
Նախագծում նշվում է, որ կոմիտեն 2024-ի նոյեմբերին ՀՀ կատարած այցի արդյունքով ՀՀ իշխանություններին կոչ էր արել փակել այն։ Կոմիտեն արձանագրել էր, որ հիվանդանոցում կենսապայմանները 2019 թվականի պարբերական այցելությունից ի վեր ավելի են վատթարացրել։
«Ամբողջ հաստատությունը գտնվում է խորը խարխուլ վիճակում, բացառությամբ հիվանդների սեփական ֆինանսական միջոցներով նախկինում վերանորոգված որոշ սենյակների»,- նախագծում մեջբերել են կոմիտեի զեկույցից։
ԱՆ-ում կարծում են, որ նախագծի ընդունումը կնպաստի քրեակատարողական համակարգի օպտիմալացմանը և ֆինանսական միջոցների ավելի արդյունավետ օգտագործմանը։ Միևնույն ժամանակ՝ տեղեկացրել են, որ նախագծի իրականացումը պետական բյուջեում լրացուցիչ ծախսեր չի պահանջի։





































