Աբսուրդային է, երբ անձին միջին ծանրության հոդվածով տևական ժամանակ պահում են անազատության մեջ, Հակակոռուպցիոն դատարանի բակում լրագրողներին հայտնել է «Տաշիր» ընկերությունների խմբի նախագահ Սամվել Կարապետյանի պաշտպան Արմեն Ֆերոյանը։
Նրա խոսքով՝ կոչերի հոդվածը, որով մեղադրվում է Կարապետյանը, իրենից ներկայացնում է միջին ծանրության հոդված, որի համար որպես պատիժ նախատեսվում է նաև տուգանք։
«Մեր դատական պրակտիկայում դժվար գտնենք այնպիսի գործ, որ միջին ծանրության հոդվածով մեղադրվող անձին 5 ամիս ժամկետով անազատության մեջ պահեն։ Նմանատիպ դեպք չես կարող գտնել, առավել ևս, որ անձը չունի դատվածություն, ունի հասարակական բարձր հեղինակություն, էլ չասեմ, որ խոսում ենք բարերարի և ազգային մեծ արժեքներ ստեղծած անձի մասին»,- ասել է փաստաբանը։
Հունիսին Կարապետյանին կալանավորել էին եկեղեցու դեմ արշավը քննադատելուց հետո։ Նա մեղադրանքը չի ընդունում՝ այն որակելով քաղաքական:
Դատարանը հոկտեմբերի 14-ին՝ ժամը 18:00-ից քննում էր Կարապետյանի կալանքը երկարաձգելու հարցը։ Կալանքի երկարաձգման հարցով նիստից մեկ օր առաջ՝ հոկտեմբերի 13-ին, Քննչական կոմիտեն ևս մեկ դրվագ էր ավելացրել փողերի լվացման հոդվածին:
Հոկտեմբերի 16-ին դատարանը 30 օրով երկարաձգել էր կալանքի ժամկետը։





































