ՀՀ վերաքննիչ քրեական դատարանը բավարարել է փաստաբան Արա Զոհրաբյանի բողոքը՝ հաստատելով, որ «Երևան-Կենտրոն» քրեակատարողական հիմնարկի աշխատակիցները խախտել են Շիրակի թեմի առաջնորդ Միքայել Աջապահյանի՝ փաստաբանական պաշտպանության իրավունքը, հայտնել է փաստաբանը։
Ըստ որոշման՝ ՔԿՀ աշխատակիցներն ապօրինաբար զննել են փաստաբանի կողմից վստահորդին փոխանցված փաստաթղթերը, որոնք կապված չէին քրեական գործի նյութերի հետ։ Դատարանն արձանագրել է, որ սա հակասում է ՀՀ օրենքներին և խախտում է պաշտպանվող անձի՝ գաղտնի, անարգել իրավաբանական խորհրդատվություն ստանալու իրավունքը։
Վերաքննիչ դատարանը բեկանել է առաջին ատյանի դատավոր Մասիս Մելքոնյանի մերժումը և պարտավորեցրել ՔԿՀ պետին միջոցներ ձեռնարկել իրավախախտումները վերացնելու ուղղությամբ։
Փաստաբանը դատական ակտը կարևոր նախադեպ է անվանել։
Աջապահյանի նկատմամբ քրեական հետապնդում էր հարուցվել հունիսի 26-ին: Սրբազանը մեղադրվում է իշխանությունը զավթելու կոչի համար: Նա մեղադրանքը չի ընդունում, այն համարում է քաղաքական:
Աջապահյանը հոկտեմբերի 3-ին դատապարտվել էր 2 տարվա ազատազրկման: Շիրակի թեմի առաջնորդի փաստաբանները պատրաստվում են բողոքարկել այս որոշումը: Վճիռը քննադատել է նաև Մայր Աթոռ սուրբ Էջմիածինը:





































