Մերձավանի միջադեպից հետո ՀՀ ՆԳՆ ոստիկանության երեք պաշտոնյա է աշխատանքից ազատվել, այսօր լրագրողների հետ զրույցում հայտնել է նախարարության խոսնակ Նարեկ Սարգսյանը:
Նախարարությունից սեպտեմբերի 26-ին տեղեկացրել էին, որ ՆԳՆ ոստիկանության քրեական ոստիկանության Արմավիրի մարզային վարչության պետ, ոստիկանության գնդապետ Արթուր Բդոյանն ազատվել է աշխատանքից։
«Արմավիրի մարզ այցելությունից հետո (Ներքին գործերի-AT) նախարարը մտահոգություն է հայտնել մարզում միջանձնային հարաբերությունների դեպքերի շուրջ կատարվող աշխատանքի վերաբերյալ և հանձնարարել է ակտիվացնել այդ աշխատանքները։ Ամփոփումից բառացիորեն օրեր հետո ծառայությունից ազատվել է մարզի պարեկային ծառայության գումարտակի հրամանատարը, ազատվել է համայնքային ոստիկանության Վաղարշապատի բաժնի պետը»,- ասել է Սարգսյանը։
Նա չի համաձայնել լրագրողների պնդմանը, թե այս մարզում «կրիմինալ դեպքերի պակաս չկա»: Սարգսյանը շեշտել է, որ ըստ քննության արդյունքների առկա տվյալների՝ շարունակում է մնալ ի սկզբանե առկա վարկածը, որ Մերձավանի կրակոցները, որոնց հետևանքով զոհվել էին Փարաքարի համայնքապետ Վալոդյա Գրիգորյանը և նրա ընկերը՝ Կարեն Աբրահամյանը, շարունակությունն են այս տարվա փետրվարին Մերձավանում տեղի ունեցած միջադեպի, որի ընթացքում ձերբակալվել էր այս գործով ձերբակալվածի հարազատ եղբայրը:
«Փետրվարյան միջադեպից հետո ոստիկանությունը մի շարք գործողություններ է ձեռնարկել լարված հարաբերությունների մեջ գտնվող անձանց հետ, տանսյակից ավելի անգամ ոստիկանության Վաղարշապատի բաժնում, ինչպես նաև քրեական ոստիկանության Արմավիրի մարզային վարչությունում ստացվել են տեղեկություններ, որ x ժամի x հատվածում պետք է հավաքվեն ու հերթական անգամ պարզեն հարաբերություններ: Անմիջապես բոլոր կողմերից անձինք հայտնաբերվել են, ներկայացվել են բաժին, բացատրական աշխատանքներ են տարվել»,- նշել է Սարգսյանը:
Նա հավելել է, որ հենց այս պահին էլ ակտիվ միջոցառումներ են ձեռնարկվում՝ հետագա հնարավոր անցանկալի հետևանքներից խուսափելու համար:
Քննչական կոմիտեն սեպտեմբերի 27-ն հաստատել է, որ այս գործով ձերբակալվել և նախաքննական մարմին է ներկայացվել մեկ անձ: Նրան պատկանող շինությունում, ՆԳՆ խոսնակի փոխանցմամբ, հայտնաբերվել են Քրեական օրենսգրքով արգելված, արարքին վերջինիս առնչությունը հաստատող բացահայտ հետքեր, այդ թվում՝ հանցագործության կատարման պահին օգտագործված դիմակը, կոշիկները, ձեռնոցները և բաճկոնը, «որոնք փորձ է արվել այրվել, ինչպես նաև գիշերային տեսանելիության սարք»:
Փետրվարի 5-ի գիշերը զինված հարձակում էր տեղի ունեցել Մերձավանի ղեկավար Մհեր Ախտոյանի տան ուղղությամբ, զոհվել էր նրա հորաքրոջ որդին, վիրավորվել՝ ընկերը: Հարուցված քրեական գործի շրջանակում կալանավորվել էր նաև Գրիգորյանի եղբայրը՝ 37-ամյա Պայքար Գրիգորյանը։
© 2019–2026 Armenia Today. Բոլոր իրավունքները պաշտպանված են։
Նյութերն օգտագործելիս armeniatoday.am-ին հղումը պարտադիր է։







