Սահմանադրական բարեփոխումների խորհրդի՝ սեպտեմբերի 24-ի նիստում որոշում է կայացվել նոր Սահմանադրության նախագծում ներառել դրույթ, ըստ որի՝ Ազգային ժողովի ընտրությունների ոչ թե 2-րդ փուլ, այլ նոր ընտրություն է լինելու, հայտնել է սահմանադրական բարեփոխումների խորհրդի անդամ Դանիել Իոաննիսյանը։
Նա պարզաբանել է, որ «եթե գործող Սահմանադրությամբ ԱԺ ընտրությունների արդյունքում չի ձևավորվում մեծամասնություն, ապա տեղի է ունենում 2 փուլ, որի ժամանակ ուժերից ինչ-որ մեկն ստանում է ավելի շատ ձայն, քան իր իրական հանրային աջակցությունն էր»։
«Այսինքն՝ գործող Սահմանադրությունում քաղաքացիների քվեներն ինչ-որ առումով խմբագրելու մեխանիզմ կա։ Նիստում որոշվեց, որ նոր Սահմանադրության նախագծում այդ մեխանիզմն արմատապես փոխվում է։ Եթե 2-րդ ընտրությունների դեպքում էլ մեծամասնություն չձևավորվի, նոր կգնանք այլ մեխանիզմի»,- շեշտել է նա։
Սահմանադրական բարեփոխումների խորհուրդը ձևավորվել է 2020-ի փետրվարին՝ վարչապետ Նիկոլ Փաշինյանի որոշմամբ։ Նրա կարծիքով՝ ՀՀ-ին անհրաժեշտ է նոր Սահմանադրություն, որը պետք է ունենա հստակ նպատակ և պետք է արտահայտի այն իրողությունը, որ այսօր կա ՀՀ-ում։ Մյուս կողմից՝ Հայաստանի հետ խաղաղության պայմանագրի ստորագրման համար ՀՀ սահմանադրությունը փոխելու նախապայման է առաջ քաշում Բաքուն՝ պահանջելով հեռացնել Անկախության հռչակագրին հղում անելու դրույթը։





































