ԱՄՆ առաջին տիկին Մելանյա Թրամփը սպառնացել է ավելի քան 1 մլրդ դոլար փոխհատուցման պահանջով դատական հայց ներկայացնել ընդդեմ Հանթեր Բայդենի, որը վերջին հարցազրույցում հայտարարել էր, թե նրան և ապագա ամուսնուն՝ Դոնալդ Թրամփին, ծանոթացրել է ֆինանսիստ Ջեֆրի Էփշթեյնը։ Այս մասին գրում է Foxnews-ը:
Էփշթեյնը, որին մեղադրում էին սեռական շահագործման, մարդկանց թրաֆիքինգի, բռնաբարությունների և առևանգումների մեջ, 2019 թվականին ինքնասպանություն էր գործել։
Հանթերն ԱՄՆ նախկին նախագահ Ջո Բայդենի կրտսեր որդին է, նա այս հայտարարությունն արել էր օգոստոսի սկզբին՝ ռեժիսոր Էնդրյու Քելլագանին տված հարցազրույցում։
Թրամփի փաստաբանները այս խոսքերը անվանել են «կեղծ, զրպարտիչ, վարկաբեկող և սադրիչ»։ Նրանց պնդմամբ՝ առաջին տիկինը կրել է «հսկայական ֆինանսական, համբավին առնչվող վնասներ»։
ԱՄՆ նախագահն ընդունել է, որ ընկերություն է արել Էփշթեյնի հետ, սակայն պնդում է, որ հարաբերությունները փչացել են 2000-ականների սկզբին այն բանից հետո, երբ ֆինանսիստն իր կողմն է քաշել նրա ակումբի՝ Ֆլորիդայում գտնվող սպա-սրահի աշխատակիցներին։
Փաստաբանները պնդել են, որ չկան ապացույցներ, որ Թրամփին և կնոջը ծանոթացրել է հենց Էփշթեյնը։ Harper’s Bazaar-ի տվյալներով՝ նրանց հանդիպումը տեղի է ունեցել 1998 թվականի նոյեմբերին՝ մոդելային գործակալության սեփականատիրոջ կողմից կազմակերպված երեկույթի ժամանակ։



































