Ամերիկյան հանրահայտ փաստաբան, ԱՄՆ Հանրապետական կուսակցության ղեկավար շրջանակի նշանավոր ներկայացուցիչ Ռոբերտ Ամստերդամը, որը հայտնի է նաև որպես քաղաքական հարցերով առաջին կարգի միջազգային իրավաբան, մոտ օրերս ժամանելու է Հայաստան՝ Հայ Առաքելական եկեղեցու և գործարար Սամվել Կարապետյանի գործերի պատճառով, գրում է News.am-ը։
ԶԼՄ-ի հաղորդմամբ՝ տարբեր աղբյուրներից հայտնի է դարձել, որ Ամստերդամի այցը հրատապ բնույթ է կրում և կապված է միանգամից մի քանի աղմկահարույց գործերի հետ, որոնք, ըստ ամենայնի, անհանգստացրել են տարածաշրջանում նոր ակտիվություն ցուցաբերող ԱՄՆ-ին։ Դրանք են՝ «արքեպիսկոպոսների գործը, ճնշումները Հայ Առաքելական Եկեղեցու դեմ, Սամվել Կարապետյանի ապօրինի կալանքը»։
News.am-ի աղբյուրների փոխանցմամբ՝ Ամստերդամի այցը` կոչված է որոշակի մոնիտորինգային գործառույթ իրականացնել ու պարզել մարդու իրավունքների և ժողովրդավարության իրական վիճակը։
Դոնալդ Թրամփի ամենամտերիմ շրջապատի ներկայացուցիչ Ռոբերտ Ամստերդամը հայտնի է իր վառ հակառուսական դիրքորոշմամբ։ Հենց Ամստերդամն է եղել ռուսաստանցի հայտնի գործարար և ընդդիմադիր Միխայիլ Խոդորկովսկու փաստաբանը, որի համար նույնիսկ ձերբակալվել է ՌԴ-ում։ 2003 թվականին Ամստերդամը ներգրավվել է «Յուկոսի» գլխավոր տնօրեն և Ռուսաստանի ամենահարուստ մարդու՝ Միխայիլ Խոդորկովսկու պաշտպանությանը, որը նաև ներկայացվում էր որպես ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինի գլխավոր հակառակորդ։
Ամստերդամը պաշտպանել է բազմաթիվ հայտնի քաղբանտարկյալների, ժողովրդավարության կողմնակիցների, ինչպիսիք են վենեսուելացի Էլիջիո Սեդենյոն, նիգերիացի Նասիր Ահմադ Էլ-Ռուֆայը և այլք։ Ամստերդամը եղել է Megaupload-ի դատական գործի իրավաբանական թիմի մի մասը, որը ներկայացնում է Քիմ Դոքոմին՝ համացանցի ձեռներեցին, ով աշխատել էր ակտիվիստներ Գլեն Գրինվալդի, Ջուլիան Ասանժի, Էդվարդ Սնոուդենի հետ։






































