«Տաշիր» ընկերությունների խմբի նախագահ Սամվել Կարապետյանին ոստիկանական մեքենայով տեղափոխել են տուն, ուր գործարարը կշարունակի տնային կալանքի տակ մնալ։ Ուղիղ հեռարձակումը՝ Armenia Today-ի Youtube-ի ալիքով։
Տան մոտ հավաքվել են գործարարի աջակիցները։ Նրանք Կարապետյանին դիմավորել են «Սամվել, Սամվել», «ազատություն Սամվել Կարապետյանին» խոսքերով և ծափահարություններով։ Մինչ Կարապետյանի հետ ոստիկանական մեքենայի ժամանումը, «Մեր ձևով» շարժման անդամ Ալիկ Ալեքսանյանը հավաքվածներին կոչ է արել չմոտենալ գործարարին և չխոսել նրա հետ՝ հաշվի առնելով տնային կալանքի պայմանները:
Գործարարը ժպիտով է դիմավորել իր աջակիցներին։
Կարապետյանի փաստաբանական խմբի անդամ Արամ Վարդևանյանը լրագրողներին տեղեկացրել է, որ գործարարը, ում մոտ ավելի վաղ քովիդ և թոքաբորբ էր ախտորոշվել, դեռ ստացիոնար բուժման կարիք ունի։
Նա նշել է, որ դրա անհրաժեշտությունը հաստատվում է համապատասխան բժշկական փաստաթղթերով։ Վարդևանյանն ընդգծել է, որ Կարապետյանը մինչև 2025 թվականի հունիսի 18-ը՝ մինչ կալանավորումը, առողջական խնդիրներ չի ունեցել, և նրա մոտ հիվանդությունների ի հայտ գալը պաշտոնյաների դիտավորության հետևանքն է։
Պատասխանելով Կարապետյանի՝ տնային կալանքի պայմանների մասին հարցին՝ փաստաբանը հայտնել է, որ դատարանը թույլատրել է շփումը միայն մերձավոր ազգականների հետ։ Վարդևանյանի խոսքով՝ այնպիսի կարգավորումներ են կիրառել, որ, մասնավորապես, գործարարի եղբորորդին՝ «Մեր ձևով» շարժման համակարգող Նարեկ Կարապետյանը, չի կարող տեսակցել նրան:
Վարդևանյանը նաև հայտնել է, որ Կարապետյանի գործով քննիչների թիվը 53-ից դարձել է 22։
2025 թվականի հունիսին Կարապետյանին կալանավորել էին եկեղեցու դեմ արշավը քննադատելուց հետո։ Դատարանն օգոստոսի 15-ից սկսած մի քանի անգամ երկարացրել էր բարերարի կալանքը, ավելի քան վեց ամիս անազատության մեջ անցկացնելուց հետո դեկտեմբերի 30-ին նրա նկատմամբ որպես խափանման միջոց կիրառվել էր տնային կալանքը և գրավը։ Փաստաբանները հունվարի 13-ին հայտնել էին, որ Կարապետյանի մոտ քովիդ է հաստատվել, որը ծանր ու դինամիկ ընթացք ունի։
Վերաքննիչ հակակոռուպցիոն դատարանը հունվարի 17-ին անփոփոխ էր թողել Կարապետյանի նկատմամբ կիրառված տնային կալանքը։




































