Շտապօգնության խումբը քրեակատարողական հիմնարկ է հասել կանչից 16 րոպե անց, ճեպազրույցում հայտարարել է արդարադատության նախարար Սրբուհի Գալյանը՝ անդրադառնալով կալանքի տակ գտնվող «Ուժեղ Հայաստան» կուսակցության Ստեփանավան համայնքի թեկնածու Արսեն Գևորգյանի մահվան հանգամանքներին։ Ուղիղի հեռարձակումը՝ Armenia Today-ի Youtube-յան ալիքում։
Նախարարի խոսքով՝ քաղաքային պայմաններում շտապօգնության ժամանման համար սահմանված է 15 րոպե, իսկ որոշ հանգամանքներում այդ ժամկետը կարող է հասնել 20 րոպեի։
Գալյանի խոսքով՝ տեսախցիկների ձայնագրությունները հաստատում են, որ Գևորգյանի ինքնազգացողության վատացման մասին գանգատից հետո հիմնարկի աշխատակիցը նախ բուժաշխատող է կանչել, ապա՝ շտապօգնություն։
Գալյանի խոսքով՝ ըստ բժշկական փաստաթղթերի Գևորգյանը նախկինում սրտի հետ կապված գանգատներ չի ունեցել։ Գալյանը տեղի ունեցածը «դժբախտ պատահար» է անվանել՝ հավելելով, որ մահվան հանգամանքներին իրավական գնահատական կտրվի քննության շրջանակում։
Ստեփանավանի համայնքապետի պաշտոնում «Ուժեղ Հայաստան» կուսակցության թեկնածու Արսեն Գևորգյանին հոկտեմբերի 21-ին ձերբակալել էին ընտրակաշառք տալու մեղադրանքով։ Դատարանը նրան երկու ամսով կալանավորել էր։ Փաստաբանները հերքել էին, որ գործով հիշատակվող գումարներն առնչություն ունեն ընտրակաշառքի հետ։
Քրեակատարողական ծառայությունը հայտնել էր, որ նոյեմբերի 10-ի վաղ առավոտյան «Նուբարաշեն» ՔԿՀ-ում Գևորգյանի ինքնազգացողությունը վատացել էր։ Ժամը 08։30-ի սահմաններում շտապօգնության անձնակազմն արձանագրել էր նրա մահը։
ՔԿՀ-ներում հասարակական վերահսկողություն իրականացնող դիտորդական խմբի ղեկավար Արման Սահակյանն «Ազատությանը» հայտնել էր, որ, ըստ խցակիցների պատմածի, Գևորգյանն այդ առավոտ գանգատվել էր կրծքավանդակի շրջանում սուր ցավից։
© 2019–2026 Armenia Today. Բոլոր իրավունքները պաշտպանված են։
Նյութերն օգտագործելիս armeniatoday.am-ին հղումը պարտադիր է։







