Դատարանը երկու ամսով կալանավորել է արցախցի գործարար Տիգրան Գալստյանին և Հրայր սարկավագին։ Դատարանի որոշման մասին հայտարարել է «Ազգային ճակատ»-ը։
Ավելի ուշ կալանավորվել է «Սրբազան պայքար» շարժման ակտիվիստ Արսեն Ղազարյանը։
Հունիսի 25-ին ԱԱԾ-ն խուզարկություններ էր իրականացրել «Սրբազան պայքար» շարժման աջակիցների բնակարաններում իշխանության զավթման փորձի շուրջ քրեական գործի շրջանակում։ Այն հարուցվել էր Civic.am կայքի հրապարակած փաստաթղթի հիման վրա, որն ըստ կայքի «Հեղաշրջման պլան» էր։ Քննչական կոմիտեն հայտնել էր գործողությունների մասին։
Հունիսի 26-ի գիշերը դատարանը երկու ամսով կալանավորել էր ընդդիմադիր «Սրբազան պայքար» շարժման առաջնորդ Բագրատ արքեպիսկոպոս Գալստանյանին։ Իսկ դրանից մի քանի ժամ ավելի վաղ կալանավորվել էին Արցախի Հանրապետության ԱԺ պատգամավոր Դավիթ Գալստյանը, «Սրբազան պայքարի» ակտիվիստ Լիդյա Մանթաշյանը, Բագրատ սրբազանի օգնական Մովսես Շարբաթյանը, բլոգեր Արմեն Ալեքսանյանը, պահեստազորի գնդապետ Միհրան Մախսուդյանը, 44-օրյա պատերազմում զոհված հերոս Հակոբ Ռոստոմյանի հայրը՝ Արա Ռոստոմյանը, Աղվան Արշակյանը։ Արշակյանից բացի, նրանց բոլորի նկատմամբ երկամսյա կալանք է կիրառվել:




































