Սահմանադրական դատարանը գտնվեց իր բարձունքի վրա: Ես ցավում եմ, որ այս ամենը տևեց երեք տարի: Ես ցավում եմ, որ այս որոշումը դաժան ու բարդ ճանապարհի արդյունք էր, բայց, ի վերջո, ճշմարտությունը հաղթեց: Այս մասին այսօր լրագրողների հետ զրույցում ասաց ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի փաստաբան Արամ Վարդևանյանը՝ անդրադառնալով ՍԴ որոշմանը: Նշենք, որ Սահմանադրական դատարանը անվավեր ու Սահմանադրությանը հակասող ճանաչեց ՀՀ ՔՕ 300.1 հոդվածը:
«Սա նշանակում է, որ քրեական հետապնդումը 300.1 հոդվածով դադարեցվելու է: ՔՕ 300.1 հոդված այլևս գոյություն չունի»,-ասաց փաստաբանը՝ շեշտելով, որ գործով բոլոր այն դրույթները, որոնք վերաբերում են 300.1 հոդվածին, դադարեցվելու են:
Հիշեցնենք, որ Սահմանադրական դատարանն ավելի վաղ քննության էր առել Ռոբերտ Քոչարյանի և Երևան քաղաքի ընդհանուր իրավասության դատարանի դիմումների հիման վրա ՀՀ Քրեական օրենսգրքի 300․1 հոդվածի Սահմանադրությանը համապատասխանության հարցը որոշելու վերաբերյալ գործը։
Հիշեցնենք նաև, որ դեռևս 2019 թվականի մայիսին Երևանի ընդհանուր իրավասության դատարանի դատավոր Դավիթ Գրիգորյանը և Հայաստանի երկրորդ նախագահի ներկայացուցիչը Ռոբերտ Քոչարյանին մեղսագրվող ՔՕ 300.1 հոդվածի սահմանադրական կարգը տապալելու մասին դրույթի սահմանադրականության և նախագահի անձեռնմխելիության ինստիտուտի էությունը որոշելու խնդրանքով դիմել էին Սահմանադրական դատարան (ՍԴ):
Նշենք, որ 300․1 հոդվածը ենթադրում էր․ «Իշխանությունը զավթելը՝ բռնություն գործադրելու կամ բռնություն գործադրելու սպառնալիքի միջոցով, ինչպես նաև Սահմանադրությամբ չնախատեսված այլ եղանակով Հանրապետության նախագահի, Ազգային ժողովի, կառավարության կամ սահմանադրական դատարանի լիազորություններին տիրանալը՝ պատժվում են ազատազրկմամբ՝ տասից տասնհինգ տարի ժամկետով»:
© 2019–2026 Armenia Today. Բոլոր իրավունքները պաշտպանված են։
Նյութերն օգտագործելիս armeniatoday.am-ին հղումը պարտադիր է։







