Երևան քաղաքի բնակչուհի՝ 34-ամյա Արաքսյա Հովհաննեսյանը, տեղեկանալով, որ Ռուսաստանի Դաշնության Չելյաբինսկի մարզի, Կուսա քաղաքում բնակվող Նինա Աճեմյանը Ադրբեջանի կողմից սանձազերձված պատերազմի հետևանքով վիրավորված զինվորներին ֆինանսական օգնություն ցուցաբերելու նպատակով դրամահավաք է կազմակերպել, կապ է հաստատել վերջինիս հետ և առաջարկել նրա կողմից հավաքված գումարները փոխանցել իրեն, որպեսզի ինքն անձամբ փոխանցի բժշկական հաստատություններում բուժօգնություն ստացող և ֆինանսական կարիք ունեցող կոնկրետ զինվորների:
Ստանալով Նինա Աճեմյանի համաձայնությունը՝ երկուստեք պայմանավորվածություն է ձեռք բերվել, որ Արաքսյա Հովհաննեսյանը պետք է անձամբ այցելի բժշկական հաստատություններ, լուսանկարի վիրավորում ստացած զինվորներին, նկարները, ինչպես նաև զինվորների կենսագրական տվյալներն ուղարկի ՌԴ, որպեսզի օգնությունը նախաձեռնած Նինա Աճեմյանը իր ինստագրամյան էջով զինվորների համար կազմակերպի դրամահավաք և հավաքված գումարը փոխանցի Արաքսյա Հովհաննեսյանին: Վերջինս, իր հերթին, ըստ պայմանավորվածության, պետք է տրամադրի կոնկրետ գումար կոնկրետ զինվորին, միաժամանակ գումարի տրամադրման պահը պետք է տեսանկարահանի և տեսանյութն ուղարկի դրամահավաքը կազմակերպած անձին:
Ձեռք բերված պայմանավորվածության համաձայն՝ 2020թ. նոյեմբեր-դեկտեմբեր ամիսներին Արաքսյա Հովհաննեսյանի կողմից ՌԴ-ում բնակվող Նինա Աճեմյանին են ուղարկվել փաստացի բուժօգնություն ստացող մի շարք զինվորների լուսանկարներ, որոնք համացանցում տեղադրելու միջոցով կազմակերպվել է դրամահավաք և ստացված գումարները, կոնկրետ հինգ զինծառայողի անվամբ, յուրաքանչյուրին 200.000-ական ՌԴ ռուբլի տրամադրելու պայմանով, ուղարկվել է Արաքսյա Հովհաննեսյանին:
Քննության տվյալներով, սակայն, վերջինս, ստանալով հիշյալ գումարները և փաստացի իրեն վերապահելով վստահված գույքն առաքելու և տիրապետելու լիազորություն, օգտվելով դրանից, շահադիտական նպատակներով ուրիշի գույքը հափշտակելու ուղղակի դիտավորությամբ, վիրավորում ստացած զինվորներին փոխանցված գումարների մի մասը հափշտակելով յուրացրել է (3.998.000 ՀՀ դրամ գումար):
Ձեռք բերված բավարար ապացույցների համակցությամբ՝ Արաքսյա Հովհաննեսյանին մեղադրանք է առաջադրվել՝ ՀՀ քրեական օրենսգրքի 179-րդ հոդվածի (յուրացնելը կամ վատնելը) 3-րդ մասի 1-ին կետով:
© 2019–2026 Armenia Today. Բոլոր իրավունքները պաշտպանված են։
Նյութերն օգտագործելիս armeniatoday.am-ին հղումը պարտադիր է։







