Հայաստանի նախկին նախագահ Ռոբերտ Քոչարյանի և իր ընտանիքի բնակարաններում կատարված խուզարկությունները թույլատրող որոշումները բողոքարկվել են, հայտարարել է Քոչարյանի փաստաբան Տաթևիկ Սողոյանը։ Փաստաբանի և «Հայաստան» խմբակցության պատգամավորներ Լիլիթ Գալստյանի և Մեսրոպ Մանուկյանի ճեպազրույցը՝ Armenia Today-ի Youtube-ի ալիքում։
Նրա խոսքով՝ բողոքարկման հիմքում դրվել է ոչ միայն խուզարկությունների ենթադրյալ ապօրինի լինելու հանգամանքը, այլև այն փաստը, որ դրանց ընթացքում առգրավվել են իրեր, որոնք, պաշտպանական կողմի գնահատմամբ, ակնհայտորեն կապ չեն ունեցել քննվող ենթադրյալ հանցագործության հետ։
«Խուզարկությունը ոչ թե հանցագործություն բացահայտելու կամ դրան առնչվող որևէ առարկա առգրավելու նպատակ ուներ, այլ ուներ քարոզչական նպատակ՝ ինչ-որ թանկարժեք իրեր, առարկաներ վերցնելու և դրանք այնուհետև Քննչական կոմիտեի կողմից տեսանյութերով տարածելու»,- ասել է Սողոյանը։
Փաստաբանը նշել է, որ խուզարկությունների ընթացքում առգրավվել են նաև ընտանեկան և հիշատակային արժեք ունեցող իրեր։ Նրա գնահատմամբ՝ քննչական գործողությունները չպետք է վերածվեն «հանրության ինչ-որ ակնկալիքները բավարարող շոուների»։
Սողոյանն անդրադարձել է նաև կալանավորված Քոչարյանի առողջական վիճակին։ Նրա խոսքով՝ նախկին նախագահի առողջական վիճակն այժմ լավ է՝ համեմատած կալանավորման օրվա հետ։
Փաստաբանը հիշեցրել է, որ Քոչարյանը սրտի երկու ստենտավորում է անցել և ունի սրտաբանի հսկողության անհրաժեշտություն։
Սողոյանի խոսքով՝ ձերբակալման օրը Քոչարյանի մոտ հիպերտոնիկ կրիզ է գրանցվել, իսկ առողջական վիճակը հետագայում թույլ չի տվել նախատեսված ժամկետում շարունակել դատական գործընթացը։
Նրա խոսքով՝ դատական նիստի ընթացքում երկու-երեք անգամ երկարատև ընդմիջումներ էին հայտարարվել՝ Քոչարյանի առողջական վիճակը կայունացնելու նպատակով։
Սողոյանը հայտնել է նաև, որ Քոչարյանին տեսակցել թույլատրվում է միայն մերձավոր ազգականներին, իսկ նրա ավագ որդու՝ Սեդրակ Քոչարյանի տեսակցությունները սահմանափակված են՝ թույլատրում են միայն նրա կնոջն ու երեխաներին։
Քոչարյանների բնակարաններում, ինչպես նաև նրանց պատկանող և փոխկապակցված ընկերություններում օգոստոսի 25-ի խուզարկություններից հետո Ռոբերտ Քոչարյանի, նրա որդու՝ Սեդրակ Քոչարյանի և ևս 3 անձի նկատմամբ կալանք էր կիրառվել։ Նախկին նախագահին մեղադրում են պաշտոնավարման տարիներին պաշտոնեական լիազորությունները չարաշահելու, առանձնապես խոշոր չափերով կաշառք ստանալու և փողերի լվացման հոդվածներով, Սեդրակ Քոչարյանին՝ նույն տարիներին նշված ենթադրյալ արարքներին օժանդակելու հոդվածներով։
© 2019–2026 Armenia Today. Բոլոր իրավունքները պաշտպանված են։
Նյութերն օգտագործելիս armeniatoday.am-ին հղումը պարտադիր է։







