Դատարանը ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի նկատմամբ որպես խափանման միջոց ընտրել է կալանքը, հայտնել է Հակակոռուպցիոն կոմիտեի (ՀԿԿ) մամուլի քարտուղար Մարինա Օհանջանյանը։
ՀԿԿ-ից հավելել են, որ կալանքի վերաբերյալ միջնորդությունը բավարարել է դատավոր Սարգիս Դադոյանը։
Ավելի ուշ Օհանջանյանն Armenia Today-ին տեղեկացրել է, որ Քոչարյանի նկատմամբ կիրառվել է երկամսյա կալանք։
Քոչարյանին մեղադրանք է առաջադրվել պաշտոնեական լիազորությունների չարաշահման երեք դրվագով, առանձնապես խոշոր չափերով կաշառք ստանալու երկու դրվագով և առանձնապես խոշոր չափերով փողերի լվացման չորս դրվագով։ Նախկին նախագահը մեղադրանքը չի ընդունում։
Դատական նիստից առաջ Քոչարյանի փաստաբան Արամ Օրբելյանը հայտարարել էր, որ մեղադրող կողմը մտադիր է ամեն գնով հասնել «Հայաստան» ընդդիմադիր դաշինքի առաջնորդի կալանավորմանը։
Ավելի ուշ Ազգային ժողովի «Հայաստան» խմբակցության պատգամավոր Գեղամ Մանուկյանը հայտնել էր, որ Քոչարյանը դատարանից կրկին տեղափոխվել է հիվանդանոց, և կալանքի միջնորդության քննությունը շարունակվել է առանց նրա: Մանուկյանի խոսքով՝ Քոչարյանին հիվանդանոց տեղափոխելու որոշումը դատարանը կայացրել է բժիշկների կարծիքի հիման վրա։
Օգոստոսի 25-ին Քոչարյանների բնակարաններում ու նրանց պատկանող ընկերություններում խուզարկություններից հետո ձերբակալված նախկին նախագահին Ազգային անվտանգության ծառայություն (ԱԱԾ), այնուհետ ՀԿԿ էին տեղափոխել, որտեղից էլ՝ հիվանդանոց։
Ըստ նրա որդու՝ «Հայաստան» խմբակցության պատգամավոր Լևոն Քոչարյանի, բժիշկներն արգելել էին իրավապահներին վերջերս սրտի վիրահատության ենթարկված և հետազոտության կարիք ունեցող նախկին նախագահին հիվանդանոցից տեղափոխել դատարան։ Այդուհանդերձ՝ ՀՀԿ-ից օգոստոսի 26-ին հայտնել էին նրան դատարան տեղափոխելու մասին, որտեղ պետք է քննվեր կալանքի հարցը։
Օգոստոսի 26-ին նույն գործի շրջանակում երկու ամսով կալանավորվել էր նախկին նախագահի որդին՝ Սեդրակ Քոչարյանը։ Գործով բացի Քոչարյանից ու նրա որդուց կալանքի տակ է նաև 3 անձ (կանայք են), ևս մեկի՝ «Այգեձոր» ՍՊԸ-ի նախկին ղեկավար Արամայիս Ոսկանյան նկատմամբ տնային կալանք է կիրառված։ Գործով, ընդհանոր առմամբ, 5 անձ է կալանավորված, նույն վարույթով մեղադրյալ ՀՀ նախկին նախագահ Սերժ Սարգսյանի նկատմամբ բացակայելու արգելք է կիրառվել։
Գործով, ընդհանուր առմամբ, այս պահի տվյալներով, 10 անձ է անցնում։ Նրանց նկատմամբ քրեական հետապնդումներ և մեղադրանքներ են առաջադրված տարբեր դրվագներով։ Գործով աանցնողների թվում են նաև ՀՀ երրորդ նախագահ Սերժ Սարգսյանը, Երևանի նախկին քաղաքապետ Գագիկ Բեգլարյանը, ՀՀ նախկին վարչապետ Անդրանիկ Մարգարյանը, որը մահացած է։
© 2019–2026 Armenia Today. Բոլոր իրավունքները պաշտպանված են։
Նյութերն օգտագործելիս armeniatoday.am-ին հղումը պարտադիր է։







