ՀՀ ՆԳՆ-ն կստուգի Երևանի Մալաթիա-Սեբաստիա վարչական շրջանի լքված մանկապարտեզների շենքերում թմրանյութերի հնարավոր վաճառքի մասին տեղեկությունները։ Այս մասին ԱԺ պաշտպանության և անվտանգության հարցերի մշտական հանձնաժողովի նիստում հայտարարել է ՆԳ փոխնախարար Արմեն Ղազարյանը՝ արձագանքելով «Հայաստան» խմբակցության պատգամավոր Մեսրոպ Մանուկյանի բարձրացրած հարցին։ Նիստի ուղիղ հեռարձակումը՝ Armenia Today-ի Youtube-յան ալիքում։
Մանուկյանը հայտարարել է, որ Լենինգրադյան փողոցում գտնվող նախկին «Վերոնիկա» մանկապարտեզը պետական դառնալուց հետո փակվել է և, իր տեղեկություններով, տարածքն սկսել է օգտագործվել թմրանյութերի իրացման համար։ Պատգամավորը հայտնել է, որ այդ հարցով անձամբ դիմել է համապատասխան մարմիններին, սակայն, նրա խոսքով, դա որևէ հետևանք չի ունեցել։
Նա հիշատակել է նաև Մալաթիա-Սեբաստիա վարչական շրջանում գտնվող նախկին հայ-ֆրանսիական մանկապարտեզը, որը, ըստ նրա, պետական դառնալուց հետո նույնպես դադարել է գործել և սկսել է օգտագործվել թմրանյութերի իրացման համար։
«Երբ ծնողը գիտի՝ ով է բերում, որտեղ են բերում, թաքցնում, բայց, օրինակի համար, համապատասխան վարչության աշխատակիցը չգիտի՝ դա է ցավալին»,- հայտարարել է Մանուկյանը։
Նա ՆԳՆ-ին կոչ է արել ուշադրություն դարձնել ոչ միայն մեծ քանակությամբ թմրամիջոցների ներմուծմանը, այլև դրանց մանրածախ իրացմանը։ Ղազարյանը հայտարարել է, որ ոստիկանությունը կուսումնասիրի պատգամավորի մատնանշած դեպքերը։
«Մենք, վստահ եմ, հետևողական կլինենք և ուշադիր կլինենք յուրաքանչյուր մատնանշած դեպքի մասով»,- ասել է փոխնախարարը։
Նրա խոսքով՝ վերջին տարիներին իրավապահները կենտրոնացել են նաև սահմանին մեծ քանակությամբ թմրամիջոցների հայտնաբերման վրա՝ հետագայում դրանց ավելի փոքր չափաբաժիններով իրացումը կանխելու նպատակով։ Ղազարյանը նշել է, որ հայտնաբերված դեպքերի թիվը տարեցտարի աճում է, սակայն այդ վիճակագրությունը չի կարելի միանշանակ բացատրել միայն ապօրինի շրջանառության աճով։ Նրա խոսքով՝ դա կարող է պայմանավորված լինել նաև իրավապահների աշխատանքի բարելավմամբ և կիրառվող մարտավարության փոփոխությամբ։
«Եթե մենք կարողանում ենք ներմուծման, ծագման վայրում կանխել մեծ քանակությամբ թմրամիջոցի մուտքը, ապա հետագա իրացման հարցը լուծելը շատ ավելի դյուրին է»,- հայտարարել է ՆԳ փոխնախարարը։
Միաժամանակ՝ Ղազարյանն ընդգծել է, որ ոստիկանությունը շարունակում է պայքարել նաև մանրածախ իրացման դեմ։ Նրա խոսքով՝ թմրամիջոցների շրջանառության մի մասն իրականացվում է առցանց տիրույթում, ինչի պատճառով ՆԳՆ-ն աշխատում է Քրեական ոստիկանությունում կիբեռլաբորատորիա ստեղծելու ուղղությամբ։
Փոխնախարարը նաև հայտնել է, որ ՆԳՆ-ն նախատեսում է Համայնքային ոստիկանությանը բեռնաթափել իրեն ոչ բնորոշ գործառույթներից, որպեսզի ոստիկաններն ավելի շատ ժամանակ ունենան համայնքի բնակիչների հետ շփվելու, համապատասխան տեղեկություններ ստանալու և դրանք իրացնելու համար։
© 2019–2026 Armenia Today. Բոլոր իրավունքները պաշտպանված են։
Նյութերն օգտագործելիս armeniatoday.am-ին հղումը պարտադիր է։







