«Ուժեղ Հայաստան» դաշինքի առաջնորդ Սամվել Կարապետյանը Վարչական դատարան է դիմել Կոռուպցիայի կանխարգելման հանձնաժողովի դեմ հայցով, տեղեկանում ենք Վարչական դատարանի էլեկտրոնային համակարգի տվյալներից։
Համաձայն հրապարակված տեղեկությունների՝ հայցը դատարան է մուտքագրվել հուլիսի 24-ին և մակագրվել է դատավոր Մհեր Պետրոսյանին։ Գործի քարտում ներկայացված պահանջների առարկան չի հստակեցվում։
Ավելի վաղ Կոռուպցիայի կանխարգելման հանձնաժողովը Կարապետյանի նկատմամբ կիրառել էր 200 000 դրամ վարչական տույժ՝ կուսակցության նախագահի պաշտոնը ստանձնելուց հետո օրենքով սահմանված ժամկետում գույքի և եկամուտների հայտարարագիր չներկայացնելու համար։
Կարապետյանի պաշտպանները հայտնել էին, որ այդ ժամանակ նա գտնվել է տնային կալանքի տակ և չի ունեցել հայտարարագիր ներկայացնելու հնարավորություն՝ խափանման միջոցի հետ կապված սահմանափակումների պատճառով։ Նրանք խնդրել էին երկարաձգել ժամկետը կամ կասեցնել վարչական վարույթը, սակայն հանձնաժողովը նշել էր, որ օրենքով սահմանված ժամկետը երկարաձգելու լիազորություն չունի։





































