Կոռուպցիայի կանխարգելման հանձնաժողովն «Ուժեղ Հայաստան» կուսակցության նախագահ Սամվել Կարապետյանի նկատմամբ 200 000 դրամ վարչական տույժ է կիրառել՝ գույքի և եկամուտների հայտարարագիրն օրենքով սահմանված ժամկետում չներկայացնելու համար։ Համապատասխան որոշումն ընդունվել է հուլիսի 13-ին։
Հանձնաժողովի տվյալներով՝ Կարապետյանը, որը փետրվարի 27-ից գրանցված է որպես կուսակցության նախագահ և մշտապես գործող ղեկավար մարմնի անդամ, գրավոր ծանուցումներից հետո ևս չի ներկայացրել հայտարարագիր։ Նրա պաշտպանները պնդել են, որ տնային կալանքի պայմաններում հնարավոր չէր ստանալ հայտարարագրման համար անհրաժեշտ բանկային տվյալները և խնդրել էին երկարաձգել ժամկետները կամ կասեցնել վարչական վարույթը։
ԿԿՀ-ն երկու անգամ երկարաձգել է վարույթի ժամկետը, սակայն հետագայում մերժել է այդ փաստարկները՝ նշելով, որ օրենսդրությունը թույլ է տալիս օրենքով նախատեսված պարտականությունների կատարումը նաև տնային կալանքի պայմաններում, իսկ ներկայացուցիչների միջոցով անհրաժեշտ տվյալներ ստանալու հնարավորությունը չի օգտագործվել։
Որոշմամբ հանձնաժողովը եզրակացրել է, որ Կարապետյանը չի կատարել հայտարարագիր ներկայացնելու օրենքով սահմանված պարտականությունը և ենթակա է վարչական պատասխանատվության։ Տուգանքը սահմանվել է նվազագույն աշխատավարձի 200-ապատիկի՝ 200 000 դրամի չափով։
Կարապետյանին կալանավորել էին 2025-ի հունիսին՝ եկեղեցու դեմ արշավը քննադատելուց հետո։ Ավելի քան վեց ամիս անազատության մեջ անցկացնելուց հետո՝ 2025-ի դեկտեմբերին նրա նկատմամբ խափանման միջոց էր կիրառվել տնային կալանքը և գրավը։ Հուլիսի 9-ին Հակակառուպցիոն դատարանը երկու ամսով երկարաձգել էր Կարապետյանի տնային կալանքը։
Կարապետյանի գործով դատավարությունը մեկնարկել էր ապրիլի 15-ին, ապրիլի 17-ին դատարանը 3 ամսով երկարաձգել էր նրա տնային կալանքը, ապրիլի 30-ին մերժել այն վերացնելու և վարչական հսկողություն կիրառելու միջնորդությունը։ Կարապետյանին կալանավորել էին իշխանությունը զավթելու կոչեր անելու հոդվածով, հետո նաև տնտեսական բնույթի մեղադրանքներ առաջադրել։ Կարապետյանը չի ընդունում իրեն առաջադրված բոլոր մեղադրանքները՝ դրանք համարելով քաղաքական հետապնդում։





































