«Բարգավաճ Հայաստան» կուսակցության առաջնորդ Գագիկ Ծառուկյանին պատկանող «Շանգրի լա»՝ «Օնիրա քլաբ» ՍՊԸ խաղատան կազմակերպման լիցենզիան ուժը կորցրած է ճանաչվել: Հրամանագիրն ստորագրել է ՀՀ էկոնոմիկայի նախարար Գևորգ Պապոյանը։
Ըստ հրամանի՝ ընկերությունը խախտել է ՀՀ կառավարության 2014 թվականի հունվարի որոշմամբ սահմանված՝ շահումով խաղերի կազմակերպման լիցենզավորման պայմանները, ինչի հիմքով ուժը կորցրած է ճանաչվել կազմակերպման լիցենզիան։ Մասնավորապես, նշվում է, որ ընկերությունը ընդունել է կառավարության սահմանած պահանջներին չհամապատասխանող խաղադրույքներ, այդ թվում՝ Bet, Win, In և Out անվանումներով։
Կազմակերպման լիցենզիան կորցրած է ճանաչվել հունիսի 19-ին կայացված խաղային գործունեության լիցենզավորման հանձնաժողովի նիստի արձանագրությամբ արձանագրված եզրակացության հիմքով։
Մայիսի 20-ի քարոզարշավի ժամանակ ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը հայտնել էր ընտրություններին մասնակցող Ծառուկյանին պատկանող «Արարատցեմենտը» վերահսկողության տակ վերցնելու մասին, ինչից հետո վարույթներ էին նախաձեռնվել։ ԲՀԿ-ից հայտարարել էին, որ բացի գործընթացի նախընտրական բնույթից, իշխանությունն այս քայլով կատարում է ադրբեջանական ցեմենտ ՀՀ ներմուծելու՝ Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևի պահանջը։
Ավելի ուշ ԶԼՄ-ները գրել էին, որ Երևանի քաղաքապետարանը Ծառուկյանին պատկանող «Մուլտի Ուելնես» ընկերությանը ծանուցում է ուղարկել կառուցապատման իրավունքի պայմանագրից հրաժարվելու մասին։ Հունիսի 19-ին ԲՀԿ-ից հայտնել էին Ծառուկյանին պատկանող «Մուլտի Գրուպ»-ի տասնյակ ընկերություններում հարկային ստուգումների մասին։ Կուսակցությունը Ծառուկյանին առնչվող գործընթացները քաղաքական էր անվանել։
© 2019–2026 Armenia Today. Բոլոր իրավունքները պաշտպանված են։
Նյութերն օգտագործելիս armeniatoday.am-ին հղումը պարտադիր է։







