«Մուլտի Գրուպ» կոնցեռնի տասնյակ ընկերություններում են տարատեսակ հարկային ստուգումներ ընթանում, Սահմանադրական դատարանի մոտ լրագրողների ասել է «Բարգավաճ Հայաստան» կուսակցության առաջնորդ Գագիկ Ծառուկյանի մամուլի քարտուղար Իվետա Տոնոյանը։
Տոնոյանը հաստատել է մամուլի այն տեղեկությունները, որ Երևանի քաղաքապետարանը միակողմանիորեն լուծարել է այն տարածքի վարձակալության պայմանագիրը, որտեղ գործում է Ծառուկյանին պատկանող «Multi Wellness» կենտրոնը։
Մամուլի քարտուղարի փոխանցմամբ՝ ընկերությունն ունի մինչև 2065 թվականը գործող վարձակալության պայմանագիր, սակայն քաղաքապետարանը մեկ ամիս առաջ տեղեկացրել է միակողմանի լուծման որոշման մասին։ Տոնոյանը հավելել է, որ կոնցեռնը մտադիր է այդ որոշումը վիճարկել դատական կարգով։
Նա նշել է, որ այդ որոշումը քաղաքական կոմպոնենտ ունի և ուղղված է Ծառուկյանի բիզնես գործունեության դեմ։
«Մեկ գիշերում նման որոշում է կայացումը քաղաքական կոմպոնենտ է իր մեջ պարունակում և իշխանությունները հերթական անգամ իրենց վարչական լծակները փորձում են որպես մահակ օգտագործել»,-հայտարարել է Տոնոյանը՝ հավելելով, որ իրավաբաններն այդ գործով զբաղվում են։
Այսօր ավելի վաղ «Ժողովուրդ» օրաթերթը հայտնել էր, որ Երևանի քաղաքապետարանը «Բարգավաճ Հայաստան» կուսակցության առաջնորդին պատկանող Multi Wellness ընկերությանը կառուցապատման իրավունքի պայմանագիրը լուծելու մասին ծանուցում է ուղարկել: Ըստ պարբերականի տվյալների՝ քաղաքային իշխանությունները ընկերությանը մեկ ամիս ժամանակ են տվել հողամասը և դրա վրա գտնվող օբյեկտը համայնքի սեփականությանը վերադարձնելու համար:
Մայիսի 15-ին Ծառուկյանի և իշխող «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության ներկայացուցիչ, Երևանի քաղաքապետ Տիգրան Ավինյանի միջև հեռակա լեզվակռիվ էր տեղի ունեցել Հայաստանում նախընտրական քարոզարշավի ֆոնին: Վեճի առիթ էր դարձել մի շապիկ, որի վրա եղել են «Բարգավաճ Հայաստանի» առաջնորդին և «Ուժեղ Հայաստան» կուսակցության ղեկավար Սամվել Կարապետյանին վերագրվող արտահայտություններ: Ծառուկյանն այն ժամանակ մեղադրել էր քաղաքապետին այն բանում, որ նա զբաղվում է ոչ թե քաղաքային խնդիրներով, այլ «մայկա-տռուսիկ տպելով»՝ փորձելով հաճոյանալ վարչապետ Նիկոլ Փաշինյանին։
Ավելի ուշ Ավինյանը, Փաշինյանի հետ զրույցում պատմել էր, որ Ծառուկյանն իրեն խորհուրդ է տվել զբաղվել քաղաքային գործերով, և խոստացել էր արձակուրդից հետո «մի քիչ զբաղվել բարեկարգմամբ»:




































