Դատարանը հեռակա կարգով կալանավորել է 3-րդ բանակային կորպուսի նախկին հրամանատար, գեներալ-մայոր Գրիգորի Խաչատուրովին, տեղեկանում ենք «Դատալեքս» դատաիրավական համակարգի տվյալներից:
Հաշվի առնելով, որ նա գտնվում է երկրից դուրս, տրվել է նրա հետախուզման օրդեր։ Խաչատուրովի վերաբերյալ քրեական գործը դատարան է փոխանցվել ապրիլի 14-ին։ Գործն ստացել է Հակակոռուպցիոն դատարանի դատավոր Մերի Մոսինյանը։
2023 թվականին Խաչատուրովին մեղադրում էին առանձնապես խոշոր չափերով անշարժ գույքի օրինականացման մեջ, որը, ըստ իրավապահների, ձեռք էր բերել հանցավոր ճանապարհով՝ օգտագործելով իր պաշտոնեական դիրքը։ Այդ գործով նա 2023-ի դեկտեմբերին ազատ էր արձակվել։
ԶԼՄ-ները Խաչատուրովի նկատմամբ նոր հանրային քրհետապնդման մասին գրել էին 2025 թվականի նոյեմբերի 30-ին։ Նրա նկատմամբ քրեական գործ էր հարուցվել 2025 թվականի դեկտեմբերի 1-ին: Այդ ժամանակ նրա նկատմամբ միջպետական հետախուզում էր հայտարարվել։






































