Վարչապետ Նիկոլ Փաշինյանի մասնակցությամբ Սուրբ Աննա եկեղեցու բակում տեղի ունեցած միջադեպի գործով քննիչ Երևանի Կենտրոն և Նորք-Մարաշ վարչական շրջանների քննչական բաժնի ՀԿԳ Հակոբ Հակոբկոխյանը հրաժարական է տվել, հայտնել են Քննչական կոմիտեից։
Պաշտոնից ազատման պատճառ են դարձել Մինասյանների տան խուզարկության ընթացքում թույլ տրված ենթադրյալ խախտումները և նախաքննական գաղտնիքի հրապարակումը։ Իրավապահ համակարգի ներկայացուցչին մեղադրում են խուզարկության վայր լրագրողների մուտքը թույլատրելու և տեսախցիկների առաջ նախաքննության տվյալներ հայտնելու մեջ։
Գերատեսչության փոխանցմամբ՝ քննիչի գործողություններում առկա են Քրեական դատավարության օրենսգրքի այն նորմերի ենթադրյալ խախտումներ, որոնք կարգավորում են խուզարկության ընթացակարգն ու քննչական տվյալների հրապարակման սահմանափակումները։
Մարտի 29-ի պատարագի ժամանակ Սուրբ Աննա եկեղեցում Փաշինյանի մասնակցությամբ միջադեպ էր տեղի ունեցել։ Տեսանյութի կադրերը փաստում են, որ երբ վարչապետը մոտեցել էր խորանին, ներկա գտնվող հավատացյալներից ոմանք դժգոհություն էին հայտնել նրա՝ կենտրոնում կանգնելու որոշման առթիվ։
Երբ Փաշինյանն անցել էր 18-ամյա Դավիթ Մինասյանի կողքով, վերջինս քննադատական խոսքեր էր ուղղել նրան, ինչից հետո վարչապետի անվտանգության աշխատակիցներից մեկը հարվածել էր երիտասարդին։ Միջադեպի հետևանքով բերման էին ենթարկվել Մինասյանը, նրա եղբայրը՝ Միքայել Մինասյանը, և «Համահայկական ճակատ» շարժման հիմնադիր Գևորգ Գևորգյանը։
Ավելի ուշ վերջին երկուսն ազատ էին արձակվել, իսկ Դավիթ Մինասյանը երկու ամսով կալանավորվել էր։ «Արմավիր» ՔԿՀ տեղափոխվելուց հետո երիտասարդի առողջական վիճակը վատթարացել էր, ինչի պատճառով նրան տեղափոխել էին բժշկական կենտրոն։






































