Վաղարշապատի (Էջմիածին) նախկին քաղաքապետ Դիանա Գասպարյանն այսօր դատարանում մերժել է իր նկատմամբ հողերի ապօրինի օտարման հետ կապված քրեական մեղադրանքը։
Գասպարյանի խոսքով՝ մեղադրանքը կառուցված է այն պնդման վրա, թե ինքը, ամուսնանալուց առաջ, անձնական կապեր է ունեցել քաղաքապետարանից հող ձեռք բերած անձանց հետ:
«Եթե մեղադրողի տրամաբանությամբ գնանք, ապա եթե գնայի մի ընտանիք, որին իմ քաղաքապետության տարիներին 3 հող է օտարվել, ուրեմն երեքով պետք է մեղադրանք առաջադրվեր: Սակայն աճուրդի անցկացման պահին ես ո՛չ Արամայիս Միրզոյանի, ո՛չ Աշոտ Միրզոյանի հետ ընտանեկան հարաբերությունների մեջ չեմ գտնվել»,- հայտարարել է նա:
Գասպարյանի ամուսինը՝ Վաղարշապատի (Էջմիածին) «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության ավագանու անդամ Արամայիս Միրզոյանը ևս հերքել է առաջադրված մեղադրանքները:
Նրա խոսքով՝ գործի հիմքում ընկած հողատարածքների չափերի վերաբերյալ տվյալները չեն համապատասխանում իրականությանը:
Խոսելով գործի հնարավոր քաղաքական ենթատեքստի մասին՝ նա նշել է՝ չի կարծում, թե ինչ-որ մեկը «վերևներից» հրահանգ է տվել քրեական գործ հարուցել: Միաժամանակ, Միրզոյանը պարզաբանել է, որ իր նկատմամբ առաջադրված՝ խաղատանը պարտվելու և խոշոր գումարներ չհայտարարագրելու մեղադրանքը ևս չի ընդունում:
Գասպարյանը, ով 6,5 տարի զբաղեցնում էր քաղաքապետի պաշտոնը, 2025 թվականի մայիսին հրաժարական էր տվել: Պաշտոնական վարկածով՝ պատճառն անձնական էր, սակայն մամուլում պարբերաբար հրապարակումներ էին հայտնվում նրա և նրա ընտանիքի անդամների կողմից պաշտոնեական դիրքի հնարավոր չարաշահումների վերաբերյալ:
Հակակոռուպցիոն կոմիտեն 2025 թվականի ամռանը Գասպարյանի նկատմամբ քրեական գործ էր հարուցել: Նույն տարվա դեկտեմբերին քննությունն ավարտվել էր, և նրան մեղադրանք էր առաջադրվել պաշտոնեական լիազորությունների չարաշահման և փողերի լվացման համար: Նույն գործով մեղադրանքներ էին առաջադրվել նաև Գասպարյանի ամուսնուն և նրա ծնողներին:





































