Վաղարշապատ համայնքի նախկին ղեկավար Դիանա Գասպարյանը, նրա ամուսինը, ամուսնու հայրը և նրան փոխկապակցված այլ անձինք կկանգնեն դատարանի առաջ, տեղեկանում ենք Հակակառուպցիոն կոմիտեից։
Նախկին համայնքապետին մեղադրանք է ներկայացվել պաշտոնեական լիազորությունները չարաշահելու և առանձնապես խոշոր չափերի փողերի լվացման համար։ Մեղադրյալներ են նաև նրա ամուսինը, ամուսնու հայրը և այլ փոխկապակցված անձինք։
ՀՀ հակակոռուպցիոն կոմիտեում քննված քրեական վարույթով մասնավորապես հիմնավորվել է, որ Գասպարյանն իր ընտանիքի անդամների և փոխկապակցված անձանց հետ համայնքապատկան հողերը ձևական աճուրդների ու ուղղակի վաճառքների միջոցով ձեռք է բերել բազմակի անգամ շուկայականից ցածր գներով։
Մասնավորապես՝ շուրջ 189 մլն դրամ արժողությամբ 0,9 հա հողամասն օտարվել է մոտ 52 մլն դրամով, իսկ դրան կից ևս մեկ հողամաս՝ 54,2 մլն դրամ արժեքով, վաճառվել է 5,5 մլն դրամով՝ առանց ավագանու որոշման։
Կոմիտեի տվյալներով՝ հետագայում հողամասերը միավորվել են, վերագրանցվել, ապա ձևական գործարքներով փոխանցվել ընտանիքի անդամներին, փոխվել է դրանց գործառնական նշանակությունը, և տրվել են բնակելի կառուցապատման թույլտվություններ։
Նշվում է, որ Գասպարյանի և նրա հետ փոխկապակցված 4 անձանց վերաբերյալ նախաքննությունն ավարտվել է: Քրեական վարույթի նյութերը մեղադրական եզրակացությամբ հանձնվել են հսկող դատախազին՝ այն հաստատելու և դատարան ուղարկելու միջնորդությամբ:
Գասպարյանը մայիսի 15-ին հրաժարական էր տվել պաշտոնից, ինչին նախորդել էր նրա սկեսրայրին պատկանող գազալցակայանում մարտի 22-ին տեղի ունեցած սպանությունը։ Մամուլի տեղեկություններով՝ իրավապահները կասկածներ ունեն, որ սպանությանը մասնակից է Գասպարյանի ամուսինը, որը «Քաղաքացիական պայմանագրի» անդամ է։ Քննչական կոմիտեն հուլիսի 14-ին հայտնել էր, որ գազալցակայանում տեղի ունեցած սպանության դեպքից հետո գազալցակայանի 2 աշխատակից թաքցրել է հանցագործությունը՝ սպանություն կատարած անձի բացահայտմանը խոչընդոտելու նպատակով։
Հուլիսի 26-ին Գլխավոր դատախազությունից Armenia Today-ին հաստատել էին, որ Գասպարյանի նկատմամբ Հակակոռուպցիոն կոմիտեում փողերի լվացման և պաշտոնեական լիազորությունները չարաշահելու հոդվածներով վարույթ է նախաձեռնվել։



























