«Տաշիր» ընկերությունների խմբի նախագահ Սամվել Կարապետյանի միջազգային փաստաբան, Amsterdam & Partners ընկերության հիմնադիր Ռոբերտ Ամստերդամը հայտարարել է, որ Հայաստանի իշխանությունների քայլերը Հայ Առաքելական եկեղեցու նկատմամբ վտանգում են կրոնական ազատությունը։
Նա նշել է, որ Ամենայն Հայոց կաթողիկոս Գարեգին Բ-ի նկատմամբ հանրային քրեական հետապնդմումը, նրա ելքը ՀՀ-ից արգելելը հաջորդել է «Կարապետյանի՝ եկեղեցու ամենահեղինակավոր բարերարի կողմից ԱԺ ընտրություններին մասնակցելու հայտարարությանը»։
«Սա հաջորդում է եկեղեցու Եպիսկոպոսաց ժողովը Հայաստանից դուրս անցկացնելու որոշմանը՝ պայմանավորված կառավարության միջամտության վերաբերյալ աճող մտահոգություններով: Եպիսկոպոսաց ժողովը Հայաստանից դուրս անցկացնելու որոշումը բեկումնային քայլ է, և արտացոլում է երկրում կրոնական ազատությունների վատթարացող վիճակը»,- շեշտել է Ամստերդամը։
Փաստաբանը, անդրադառնալով վարչապետ Նիկոլ Փաշինյանի հայտարարություններին, նշել է, որ ժողովը կկայանա Ավստրիայի Սանկտ Պյոլտեն քաղաքում, քանի որ եպիսկոպոսները մտավախություն ունեն, որ Հայաստանում միջոցառման անցկացման դեպքում կբախվեն ձերբակալությունների և քաղաքական միջամտության:
«Փաշինյանը լավագույնս բնորոշում է «անհաջողակ ավտորիտար» եզրույթը՝ փորձելով փոխել հայաստանյան և եվրոպական օրենքները՝ իր պարանոյիկ անվստահության զգացումին հարմարեցնելու համար: Նա փորձում է հարվածի տակ դնել Հայ Առաքելական եկեղեցու լեգիտիմությունը: Առաքելական եկեղեցին հիմնված է առաջնորդության վրա, որը ձևավորում է շարունակական մի շղթա՝ սկսած վաղ քրիստոնեական առաքյալներից»,- հավելել է նա։
Ամստերդամի խոսքով՝ եկեղեցու դեմ իշխանության այս գործելաոճը «դրսևորել են միայն բոլշևիկները»։
«Եվրոպայի և Արևմուտքի լռությունն ամոթալի է, իսկ այն փաստը, որ Հայաստանում կան քրիստոնյա բանտարկյալներ՝ ի հավելում Բաքվում գտնվողների, խայտառակություն է և բիծ այս հրաշալի երկրի համար։ Հիմա այն պահն է, երբ Արևմուտքը և հայ ժողովուրդը պետք է պաշտպանեն դավանանքի և խղճի ազատության արժեքները»,- եզրափակել է նա։
Փաշինյանն ամիսներ է՝ պահանջում է կաթողիկոսի հրաժարականը՝ հայտարարելով, որ նա զավակ ունի և խախտել է կուսակրոնության ուխտը։ Վարչապետի հետ հանդիպումից հետո 10 հոգևորական, որոնց թվում էր նաև Մասյացոտնի թեմի արդեն նախկին առաջնորդ, կարգալույծ հռչակված Արման (Գևորգ) Սարոյանը, կոչ էին արել կաթողիկոսին «հանգստյան կոչվել» և նոր ընտրություններ կազմակերպել:
Դատարանը Սարոյանին վերականգնել էր Մասյացոտնի թեմի առաջնորդի պաշտոնում մինչև վերջնական դատական ակտը։
ՀՀ գլխավոր դատատախազությունը փետրվարի 14-ին քրեական հետապնդում էր հարուցել կաթողիկոսի նկատմամբ՝ Սարոյանի հետ կապված դատական ակտի կատարմանը խոչընդոտելու մեղադրանքով և արգելել վեհափառի ելքը Հայաստանից։
Կարդացեք նաև՝






































