Փաստաբան, «Մեր ձևով» շարժման ներկայացուցիչ Արամ Վարդևանյանը դիմել է քննչական մարմնին՝ «Տաշիր» ընկերությունների խմբի նախագահ, բարերար, «Ուժեղ Հայաստան» կուսակցության վարչապետի թեկնածու Սամվել Կարապետյանի նկատմամբ տեսաուղերձների կամ հարցազրույցների սահմանափակումների վերաբերյալ պարզաբանում ստանալու պահանջով։
Վարդևանյանն ընդգծել է, որ իշխանական բարձրաստիճան պաշտոնյաների հայտարարությունների համաձայն՝ Կարապետյանի տեսաուղերձների կամ հարցազրույցների վերաբերյալ սահմանափակումներ առկա չեն: Նա տեղեկացրել է, որ այս հարցով դիմել է քննչական մարմնին՝ ավելի հստակ դիրքորոշում ստանալու նպատակով։
«Ծանոթացել եմ իշխանական բարձրաստիճան պաշտոն զբաղեցնող անձանց հայտարարություններին, ըստ որոնց՝ Կարապետյանի տեսաուղերձով հանդես գալու կամ հարցազրույց տալու սահմանափակումներ չկան։ Դիմել եմ քննչական մարմնին, որպեսզի նոր դիրքորոշում ստանամ այս հարցում»,- նշել է Վարդևանյանը։
Փաստաբանը նաև ընդգծել է, որ խնդրի լուծումն ամենևին բարդ չէ։
«Այս երկու օր տևող խոսակցության սպառման լավագույն լուծումը. թող նույն իրավապահներն արձագանքեն այդ բարձրաստիճան պաշտոն զբաղեցնող անձանց հայտարարություններին, կամ ինձ և այլևս ուղիղ արձանագրեն, որ նման սահմանափակումներ չկան»,- ասել է նա։
«Ուժեղ Հայաստան» կուսակցությունը փետրվարի 12-ին առաջիկա խորհրդարանական ընտրություններում պաշտոնապես ներկայացրել էր գործարար Կարապետյանին՝ որպես վարչապետի իր թեկնածու: «Մեր ձևով» շարժման համակարգող Նարեկ Կարապետյանը համագումարի ժամանակ հայտարարել էր, որ եթե կուսակցությունը հաղթի ընտրություններում, կնախաձեռնի օրենսդրական փոփոխություն՝ Սահմանադրության 148-րդ հոդվածում ամրագրված պահանջները փոփոխելու համար:
Գործող Սահմանադրության համաձայն՝ վարչապետի թեկնածուն պետք է նախորդ չորս տարիների ընթացքում ունենա միայն ՀՀ քաղաքացիություն և մշտապես բնակվի երկրում:
ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը հայտարարել էր, որ Հայաստանի սահմանադրության և օրենսդրության համաձայն՝ երկքաղաքացիություն ունեցող անձը չի կարող լինել վարչապետի կամ Ազգային ժողովի պատգամավորի թեկնածու։ Հետևաբար, վարչապետի խոսքով, Կարապետյանի թեկնածության հարցը գոյություն չունի «ո՛չ դե յուրե, ո՛չ դե ֆակտո»։
Նարեկ Կարապետյանը, մեկնաբանելով վարչապետի հայտարարությունները, ընդգծել էր՝ Փաշինյանը գիտի, որ կպարտվի առաջիկա խորհրդարանական ընտրություններում և փորձում է խոչընդոտելու ձևեր գտնել։ Վարդևանյանը նաև ներկայացրել էր Կարապետյանի առաջադրման սահմանադրական ընթացակարգը։






































