Բացահայտվել է դեկտեմբերի 8-ին Երևանի «Դալմա մոլ» առևտրի կենտրոնի ավտոկայանատեղիում գործիչ, ԱԺ նախկին պատգամավոր Միհրան Հակոբյանի նկատմամբ բռնություն գործադրած անձանց ինքնությունը, հայտնում է Քննչական կոմիտեն։
Նշվում է, որ Հակոբյանի նկատմամբ բռնություն գործադրելու դեպքը նախապես պլանավորվել է, դրա կատարման համար ձեռք են բերվել միջոցներ, այդ թվում՝ տրանսպորտային միջոց և կեղծ համարանիշ, որից հետո ենթադրյալ հանցանք կատարած անձինք դարանակալել, հետապնդել են նրան և իրականացրել դիտավորությունը։
Հ.Հ.-ի, Ս.Խ.-ի, Հ.Հ.-ի նկատմամբ հարուցվել է հանրային քրեական հետապնդում Քրեական օրենսգրքի 171-րդ հոդվածի 2-րդ մասի 5-րդ կետով (մի խումբ անձանց կողմից առողջությանը թեթև վնաս պատճառելը, առավելագույն պատիժը՝ 2 տարվա ազատազրկում), 297-րդ հոդվածի 2-րդ մասի 1-ին կետով (մի խումբ անձանց կողմից խուլիգանություն կատարելը, առավելագույն պատիժը՝ 5 տարվա ազատազրկում) և 458-րդ հոդվածի 2-րդ մասով (մի խումբ անձանց կողմից կեղծ հաշվառման համարանիշներ օգտագործելը, առավելագույն պատիժը՝ 3 տարվա ազատազրկում)։
Գ.Պ.-ի նկատմամբ վարույթ է հարուցվել 46-171-րդ հոդվածի 2-րդ մասի 5-րդ կետով (մի խումբ անձանց կողմից առողջությանը թեթև վնաս պատճառելուն օժանդակելը), 46-297-րդ հոդվածի 2-րդ մասի 1-ին կետով (մի խումբ անձանց կողմից խուլիգանություն կատարելուն օժանդակելը) և 458-րդ հոդվածի 2-րդ մասով (մի խումբ անձանց կողմից կեղծ հաշվառման համարանիշներ օգտագործելը), Ա.Բ.-ի նկատմամբ՝ 46-171-րդ հոդվածի 2-րդ մասի 5-րդ կետով, և 46-297-րդ հոդվածի 2-րդ մասի 1-ին կետով։
Այսօր ավելի վաղ ՆԳՆ-ն հայտնել էր Հակոբյանին ծեծի ենթարկելու մեջ կասկածվող 4 անձի ձերբակալելու մասին։ Դեկտեմբերի 8-ին ՆԳՆ-ն ահազանգ էր ստացել բժշկական կենտրոնից Հակոբյանի՝ ծեծի հետևանքով ստացած վնասվածքներով իրենց մոտ տեղափոխվելու մասին։ Քննչական կոմիտեում դեպքի առթիվ վարույթ էր նախաձեռնվել:





































