Այսօր՝ հոկտեմբերի 25-ին, Ազգային ժողովում տեղի ունեցած «Հայաստանի Հանրապետության 2022 թվականի պետական բյուջեի մասին» ՀՀ օրենքի նախագծի քննարկման ժամանակ վարչապետ Նիկոլ Փաշինյանն իր խոսքում անդրադարձավ 2022 թվականին նախատեսված ծախսերին՝ ասելով, որ գալիք տարի ծրագրվում է 11 տոկոսով ավելացնել ռազմական ծախսերը՝ հասցնելով այն 345 միլիարդ դրամի։ Գումարը կուղղվի պրոֆեսիոնալ բանակի ստեղծման ճանապարհին նախատեսվող բարեփոխումներին։
Թեմայի մասին Armenia Today-ը զրուցեց ռազմական փորձագետ Դավիթ Հարությունովի հետ, որի կարծիքով՝ Հայաստանը ռազմական ծախսերի առումով բավական երկար ժամանակ զիջել է Ադրբեջանին, և բալանսը վերականգնելու առումով ծախսի ավելացումը բավականին արդիական է։
«Այլ հարց է, թե ռազմական ծախսը 11 տոկոս ավելացնելով առկա խնդիրներն ինչքանո՞վ կլուծվեն։ Բանն այն է, որ ռազմաֆինանսական առումով բյուջեի վրա եռակի ճնշում կա․ խնդիր է դրված չեզոքացնել հակառակորդի հետ եղած ռեսուրսային տարբերությունը, վերացնել պատերազմի հետևանքները և նոր մարտահրավերներին դիմակայել»,- ասաց մասնագետը։
Նա պարզաբանեց, որ անհրաժեշտ է վերականգնել պատերազմի կորուստները, ապա անցնել նոր ռազմական ենթակառուցվածքների ստեծմանը՝ հաշվի առնելով նոր սահմանագիծը․ չէ՞ որ փոխվելու է զորամասերի տեղակայումը, նոր դիրքեր է անհրաժեշտ կառուցել, անընդհատ շինարարական աշխատանքներ են լինելու։
«Արդյո՞ք կհերիքի նախատեսվող գումարը այս ամենը հոգալու համար»,- հավելեց փորձագետը։
Մեր հարցին, թե ճի՞շտ է համեմատել Հայաստանի ու Ադրբեջանի ռազմական ծախսերը, եթե հաշվի առնենք բացարձակ անհավասարազոր դիրքերը, Հարությունովը պատասխանեց, որ այդ համեմատությունը, ցավոք, պարտադրված է մեզ։
«Ռազմաքաղաքական իրավիճակն է պարտադրում, որ Հայաստանն Ադրբեջանի հետ համեմատվի, որովհետև եթե որևէ երկիր ռազմական վտանգ է ներկայացնում Հայաստանի համար, ապա հնարավորություններն անհնար է չհամեմատել։ Ռազմական ռեսուրսի չեզոքացումը բալանսավորելու անհրաժեշտություն է առաջանում։ Չեմ կարող չհիշեցնել, որ մինչև պատերազմը շատ մարդիկ կային, որ համոզված էին, որ բալանսը պահպանվում է»,- ասաց Հարությունովը։
Նրա կարծիքով՝ չնայած այն հանգամանքներին, որ հայ-ադրբեջանական տնտեսական պոտենցիալները տարբեր են, Թուրքիան մշտապես աջակցում է Ադրբեջանին, բացի դրանից՝ այդ երկրի ռազմական ֆինանսավորման մեջ կոռուպցիոն տարրեր կան, անհնար է չհամեմատվել և չձգտել ռեսուրսների հավասարակշռության։
Այսպիսով՝ ռազմական փորձագետը լիովին արդիական է համարում նախատեսվող ռազմական ֆինանսավորումը, սակայն մտավախություն ունի, որ տրամադրվող գումարը կարող է չբավականացնել ռեսուրսների չեզոքացմանը, պատերազմի հետևանքների վերացմանը և նոր ենթակառուցվածքների կառուցմանը։
Նշենք, որ ըստ վարչապետի այսօրվա ելույթի՝ կառավարությունը գնում է պրոֆեսիոնալ բանակի կառուցման ճանապարհով, որտեղ սահմանները կպահպանեն բացառապես սահմանապահ ուժերը։ Նա շեշտել է, որ բանակը ինքնապաշտպանական նպատակով է արդիականացվում, քանի որ Հայաստանը տարածքաներ նվաճելու նպատակ չունի։ Վարչապետը լիահույս է լուծել սահմանանշման ու սահմանազատման, նաև սահմանից հայելային կերպով երկու երկրների ԶՈւ-ի հեռանալու հարցերը՝ չեզոք գոտու ձևավորման նպատակով։
Արաքսյա Սնխչյան
© 2019–2026 Armenia Today. Բոլոր իրավունքները պաշտպանված են։
Նյութերն օգտագործելիս armeniatoday.am-ին հղումը պարտադիր է։







