Նուբարաշենի աղբավայրում կրակի լեզվակներն ամբողջությամբ մարվել են, հայտնել է Երևանի քաղաքապետ Տիգրան Ավինյանը։
Ըստ նրա՝ առավոտյան 08:30-ի համեմատ գրեթե կիսով չափ պակասել է ծխածածկույթը: Քաղաքապետը նաև նշել է, որ վտանգավոր հատվածները, որտեղից ծուխ է դուրս գալիս, պատվում են հողածածկով։
«Այս պահի դրությամբ արդեն 320 մեքենա հող է տեղափոխվել, տարածքում աշխատում է 32 միավոր բազմաֆունկցիոնալ և մասնագիտացված տեխնիկա, որից 5-ը՝ մարտական հաշվարկ»,- գրել է Ավինյանը:
Նա հավելել է, որ արդեն տեղադրվել է արտաքին լուսավորության 8 հենասյուն, մոնտաժվում են արգելափակոցները՝ կատարվում են հիմնային աշխատանքներ, ավարտվել է տեսախցիկների տեղադրման համար նախագծման ու տեղաբաշխման գործընթացը, նորոգվում է պահակակետը:
Հոկտեմբերի 10-ի գիշերը Երևանի Նուբարաշենի աղբավայրում հրդեհ էր բռնկվել, որն ավելի ուշ մարվել էր: Ավինյանը հայտարարել էր, որ աղբանոցում բռնկված հրդեհը ոչ թե պատահականություն էր, այլ դիտավորյալ հրկիզում: Նույն օրն աշխատանքից ազատվել էր «Երևանի քաղաքային նոր աղբավայր» ընկերության տնօրենի պաշտոնակատարը: Աղբավայրում հրդեհի դեպքի առթիվ նախաձեռնվել էր քրեական վարույթ։
Աղբավայրում հրդեհ էր բռնկվել նաև օգոստոսի 8-ին, շարունակվել մի քանի օր: Երկրորդ հրդեհը բռնկվել էր սեպտեմբերի 15-ին։






































