Լրագրող, մեկնաբան Սերոբ Օհանյանն Armenia Today-ի «Խոսում ենք գլխավորի մասին» հաղորդման շրջանակներում անդրադարձել է ֆուտբոլի աշխարհի առաջնությանը, դրա ձևաչափին և ժամանակակից միտումներին:
Նրա դիտարկմամբ՝ ֆուտբոլն անցել է մեծ բիզնեսի դաշտ, ինչի հետևանքով ազգային առաջնությունները կորցրել են սեփական դիմագիծը, իսկ հավաքականների մակարդակում նորարար գաղափարների պակաս կա, քանի որ առաջատար մարզիչներն ակումբային ֆուտբոլում են:
«Այսօր ամբողջ աշխարհում ֆուտբոլային ռոմանտիզմը նահանջել է. ամեն ինչ կառուցված է բիզնեսի, հաշվարկի և գովազդային միլիոնների վրա, ինչի հետևանքով խաղը կորցնում է իր նախկին դիմագիծն ու հոգին»,- նշել է մեկնաբանը:
Խոսելով վառ անհատականությունների մասին՝ նա զուգահեռներ է անցկացրել կարգապահության և բնատուր տաղանդի միջև՝ համեմատելով Կրիշտիանու Ռոնալդուի, Լիոնել Մեսսիի և Ռոնալդինյոյի գործոնները ժամանակակից սպորտում:
«Ռոնալդինյոն բնատուր, տիեզերական տաղանդ է, բայց նրա կարիերան բարձրակետում տևեց ընդամենը երեք-չորս տարի, որովհետև չկար կարգապահություն: Մինչդեռ Ռոնալդուն և Մեսսին ֆենոմենալ են նրանով, որ ֆանտաստիկ տաղանդին գումարեցին բացառիկ կարգապահություն ու պրոֆեսիոնալիզմ, ինչի շնորհիվ 15-20 տարի շարունակ մնացին համաշխարհային ֆուտբոլի գագաթնակետին: Ժամանակակից ֆուտբոլն այլևս միայն տաղանդով չես խաբի, առանց ռեժիմի ու քրտնաջան աշխատանքի հնարավոր չէ երկարակյաց հաջողություն ունենալ»,- նշել է նա.
Նրա դիտարկմամբ՝ «Մունդիալ-2026»-ում մասնակից թիմերի թվի ավելացումը կարող է բացասաբար ազդել խաղերի որակի վրա, անդրադառնալ խաղացողների ծանրաբեռնվածությանը, ինչպես նաև կապված լինել նոր տեխնոլոգիաների ու ամերիկյան շոուի մշակույթի հետ։
«Մասնակիցների քանակի ավելացումը խաղերի որակի բարձրացման հետ կապ չունի, դա զուտ կոմերցիոն քայլ է. մենք տեսնում ենք, թե ինչպես է հավաքականների ֆուտբոլը տակտիկապես հետ մնում ակումբայինից, քանի որ այնտեղ չկա ժամանակ և հնարավորություն՝ նորարարական գաղափարներ կյանքի կոչելու համար»,- ընդգծել է նա
Օհանյանն անդրադարձել է նաև Հայաստանի ֆուտբոլի ազգային հավաքականի նախկին ավագ, իտալական «Ինտերի» կիսապաշտպան Հենրիխ Մխիթարյանի կարիերային՝ այն որակելով որպես հայ պատանի ֆուտբոլիստների համար աշխատասիրության և պրոֆեսիոնալիզմի լավագույն օրինակ:
«Մխիթարյանն աշխատասիրության, կարգապահության և բացարձակ պրոֆեսիոնալիզմի կենդանի օրինակ է: Նա ցույց տվեց, որ նույնիսկ առանց մեծ ֆուտբոլային տիրույթների թիկունքի, սեփական քրտինքով ու խելքով կարելի է հասնել համաշխարհային ֆուտբոլի գագաթնակետին: Սա այն նշաձողն է, որին պետք է ձգտի մեր նոր սերունդը»,- ընդգծել է մասնագետը:
Մանրամասները՝ տեսանյութում։


































