Անցնել բովանդակությանը
Շաբաթ, Նոյեմբերի 28
Երևան +1°
  • Երևան+1°
  • Գյումրի−4°
  • Վանաձոր+5°
  • Կապան+5°
  • Սևան0°
  • 360.12 ▼ −0.16
  • 394.84 ▼ −0.53
  • 4.38 ▼ −0.01
  • 138.99 ▼ −0.03
Շաբաթ, Նոյեմբերի 28 02:56

Կիրականացվեն ուսուցիչների վերապատրաստման բարեփոխումներ

Կիրականացվեն ուսուցիչների վերապատրաստման բարեփոխումներ

ՀՀ ԿԳՄՍ նախարարությունում քննարկվել է «Հայաստանի պետական դպրոցներում ուսուցիչների շարունակական մասնագիտական զարգացման (ՇՄԶ) համակարգ և շրջանակ» քաղաքականության փաստաթղթի նախնական տարբերակը:

Հանդիպմանը ներկա էին ԿԳՄՍ նախարարի տեղակալ Ժաննա Անդրեասյանը, Բրիտանական խորհրդի հայաստանյան մասնաճյուղի տնօրեն Արևիկ Սարիբեկյանը, ուսուցիչներ, հանրակրթության ոլորտի ներկայացուցիչներ:

Նախարարի տեղակալ Ժաննա Անդրեասյանը շնորհակալություն է հայտնել Բրիտանական խորհրդին ուսուցիչների վերապատրաստման գործընթացում կարևոր համագործակցության համար.

«Դեռևս անցյալ տարվանից մեր առաջ խնդիր ենք դրել վերանայել ուսուցիչների վերապատրաստման ընդհանուր քաղաքականությունը: Եկանք այն եզրահանգման, որ կոսմետիկ լուծումները իրավիճակ չեն փոխի, և անհրաժեշտ են նոր հայեցակարգ և նոր մոտեցումներ: Դրանք պետք է լինեն արդյունավետ, արձագանքեն ուսուցիչների մասնագիտական զարգացման կարողություններին և թույլ տան արձանագրել որակական փոփոխություններ: Բրիտանական խորհուրդը մեր այն լավագույն գործընկերներից էր, որ շատ արագ արձագանքեց, և կարողացանք ռեկորդային ժամկետում լավ արդյունք ունենալ»:

Փաստաթղթի մշակման գործընթացը եղել է մասնակցային. ներգրավվել են հնարավոր այն կառույցները, որոնք կարող էին լինել այդ քաղաքականության կրողները: Հանդիպմանը մասնավորապես քննարկվել է փաստաթղթից բխող անհրաժեշտ քայլերի իրականացման փուլը:

«Հայաստանի պետական դպրոցներում ուսուցիչների շարունակական մասնագիտական զարգացման (ՇՄԶ) համակարգ և շրջանակ» քաղաքականության փաստաթուղթը մշակվել է Բրիտանական խորհրդի կողմից՝ Շեֆիլդ Հալլամ համալսարանի գործակցությամբ: Այն առաջարկում է շարունակական մասնագիտական զարգացման համակարգ և շրջանակ: Փաստաթղթում հաշվի են առնված ընթացիկ կրթական բարեփոխումները, և այն մշակվել է միջազգային լավագույն փորձի հիման վրա: Փաստաթուղթը սահմանում է հստակ ՇՄԶ կրթուղիներ սկսնակ և փորձառու ուսուցիչների համար՝ նախատեսելով զարգացման շրջափուլ, ուսուցչի թղթապանակ և շարունակական մասնագիտական զարգացման միավորներ:

Ժաննա Անդրեասյանն ուսուցիչների մասնագիտական զարգացման քաղաքականության տեսանկյունից արել է բովանդակային մի քանի շեշտադրում: Նա ընդգծել է, որ այս փաստաթուղթն իր կարևորությամբ չի զիջում առաջիկայում փորձարկվող հանրակրթության նոր չափորոշիչներին:

«Մենք կարող ենք ունենալ լավագույն չափորոշիչը, որն այդպես էլ կմնա թղթի վրա, եթե չլինեն այն ուսուցիչները, որոնք դրանք իրականություն կդարձնեն: Երբ որ դիտարկում ենք մեր երեխաների կրթական արդյունքները միջազգային ստուգատեսում, տեսնում ենք, որ ամենաբարձր արդյունքները գրանցում են այն երեխաները, որոնց ուսուցիչներն ունեն 10-20 տարվա փորձառություն, իսկ ամենացածր արդյունքները գրանցվում են մինչև 5 տարվա փորձ ունեցող ուսուցիչների դեպքում: Սա նշանակում է, որ մենք ունենք սկսնակ ուսուցիչների մասնագիտական զարգացման էական խնդիր»,- ներկայացրել է Ժ. Անդրեասյանը:

Վերապատրաստման կարիքները տարբեր են, հնարավոր չէ ունենալ մեկ միասնական ծրագիր և ակնկալել, որ դրա արդյունքում բոլոր ուսուցիչները կստանան անհրաժեշտ աջակցություն ու խորհրդատվություն: Բարեփոխումների հիմնական նպատակն է կարողանալ միասնաբար մշակել այն քաղաքականության հայեցակարգը, որը թույլ կտա ունենալ տարբերակված վերապատրաստման ծրագրեր և մոտեցումներ ուսուցիչների տարբեր խմբերի համար: Նախարարի տեղակալը հույս է հայտնել, որ այս քննարկմամբ մի քայլ առաջ կգնան նշյալ մոտեցումներն իրականացնելու գործում:

Բրիտանական խորհրդի հայաստանյան մասնաճյուղի տնօրեն Արևիկ Սարիբեկյանի ներկայացմամբ՝ այս համակարգը կիրառվել է աշխարհի տարբեր երկրներում՝ հաջող արդյունքներով: Նա առանձնացրել է նոր համակարգի 2 կարևոր բաղադրիչ՝ համակարգի շնորհիվ հնարավոր է առաջարկել յուրաքանչյուր ուսուցչի կարիքների վրա հիմնված վերապատրաստման հնարավորություններ, և 2-րդը՝ ուսուցիչներն իրենք մասնակից են լինելու իրենց վերապատրաստման գործընթացին, կարողանալու են գնահատել իրենց կարիքները և ունենալ իրենց անհրաժեշտ զարգացման հնարավորությունները:

Բրիտանական խորհրդի կրթության խորհրդատու Ռոյ Քրոսն առցանց ողջունել է ներկաներին, հաջողություն մաղթել ծրագրին: Նա կարևորել է հին, կենտրոնացված համակարգից դեպի նոր, ավելի ճկուն համակարգ անցումային փուլում ճիշտ քաղաքականության մշակումը:

Հանդիպման մասնակիցները փաստաթղթի վերաբերյալ հնչեցրել են իրենց դիտարկումներն ու առաջարկները, որոնք հաշվի կառնվեն այն առաջիկայում լրամշակելիս:

Ամփոփելով հանդիպումը՝ փոխնախարար Ժաննա Անդրեասյանն ասել է, որ կկազմվի առաջիկա անելիքների գործողությունների պլան, կսահմանվեն հստակ ժամկետներ, և նախարարությունը հանդես կգա օրենսդրական նախաձեռնություններով:

© 2019–2026 Armenia Today. Բոլոր իրավունքները պաշտպանված են։
Նյութերն օգտագործելիս armeniatoday.am-ին հղումը պարտադիր է։

Թեմայով

Բոլորը

Շաբաթվա ամենաընթերցվածը

  1. Լրագրողների եվրոպական ֆեդերացիան դատապարտել է լրագրողի հասցեին Փաշինյանի խոսքերըՆոյեմբերի 22
  2. Հայաստանում կխստացնեն երեխաների նպաստների տրամադրման պայմաններըՆոյեմբերի 26
  3. ՔՊ-ում քննարկում են Փաշինյանի հրաժարականի և արտահերթ ընտրությունների սցենարը․ ԶԼՄՆոյեմբերի 21
  4. Ռուսաստանում կփոխվի աշխատանքային արտոնագրով միգրանտների ծանուցման կարգըՆոյեմբերի 24
  5. Փաշինյանը հրապարակել է նոր Սահմանադրության նախագիծը․ ընդդիմությունն այն «ալիևյան» է անվանելՆոյեմբերի 23
  6. Հուանգի վերադարձից հետո Nvidia-ի օպցիոնները թրեյդերին մոտ 2000% շահույթ են բերելՆոյեմբերի 25
ARMENIA TODAYԱջակցել
Պատմեք ձեր մասին մեր միջոցովՆերբեռնել Mediakit-ը
TelegramYouTubeFacebookInstagramTikTokDzen

© 2019–2026 Armenia Today. Բոլոր իրավունքները պաշտպանված են։
Նյութերն օգտագործելիս armeniatoday.am-ին հղումը պարտադիր է։

Հայաստանի, Սփյուռքի և Հարավային Կովկասի լուրեր

Համագործակցություն

[email protected]Գործընկերություն

Աջակցեք անկախ լրագրությանը

Ձեր ներդրումն օգնում է մեզ աշխատել առանց գրաքննության և վճարովի մուտքի

Աջակցել

Պատմեք ձեր բրենդի մասին մեր լսարանին

356 000+բաժանորդ սոցցանցերում
150 000+Կայքի ամսական այցելությունները
Mediakit
© «Արմենիա Թըդեյ» ՓԲԸ, 2019–2026Կաջազնունու փ., 1, Երևան · +374 77 204 488 18+