Ճապոնիայի կառավարությունը դրամաշնորհային աջակցության երկու ծրագրեր կիրականացնի Մարգահովիտ և Նոյեմբերյան համայնքներում: Այդ նպատակով այսօր ԿԳՄՍ նախարարությունում տեղի է ունեցել դրամաշնորհների պայմանագրերի ստորագրման արարողություն: Այս մասին հայտնում են ԿԳՄՍ նախարարությունից:
«Պայմանագրերը ստորագրել են ՀՀ-ում Ճապոնիայի դեսպան Ջուն Յամադան, «Մարգահովիտի երիտասարդական կենտրոն» ՀԿ-ի տնօրեն Էմիլիա Մարտիրոսյանը և Հայ Առաքելական Եկեղեցու Տավուշի թեմի առաջնորդ Տեր Բագրատ եպիսկոպոս Գալստյանը:
ՀՀ-ում Ճապոնիայի դեսպան Ջուն Յամադան իր հերթին ընդգծել է, որ երկու ծրագրերը կիսում են մեկ ընդհանուր նպատակ՝ աջակցել մարդկանց կյանքի բարելավմանը, որն անչափ կարևորում է Ճապոնիայի կառավարությունը:
«Հույս ունեմ, որ այս երկու ծրագրերը կմարմնավորեն մեր երկու երկրների միջև բարեկամությունը և հարաբերությունների ամրապնդումը»,- նշել է դեսպանը՝ հաջողություն մաղթելով նախագծերում ներգրավված բոլոր կողմերին:
Հայ Առաքելական Եկեղեցու Տավուշի թեմի առաջնորդ Տեր Բագրատ եպիսկոպոս Գալստյանն ասել է, որ սա երկրորդ նմանօրինակ նախաձեռնությունն է Տավուշի մարզում. առաջինն Իջևանի կենտրոնն է, որը բավականին հաջողություններ է գրանցել, և այդ գործընթացում մեծ մասնակցություն ունի Ճապոնիայի դեսպանությունը:
«Այս նախաձեռնության շնորհիվ իրականանում է մի ամբողջ գյուղի երազանք, որովհետև յուրաքանչյուր երեխա ավելի լավ կյանքի իրավունք ունի: Խաղահրապարակը նաև ներառական է լինելու, և հաշմանդամություն ունեցող երեխաները ևս այցելելու և իրենց առողջ ապրելակերպն այնտեղ կազմակերպելու հնարավորություն կունենան»,- նշել է «Մարգահովիտի երիտասարդական կենտրոն» ՀԿ-ի տնօրեն Էմիլիա Մարտիրոսյանը:
«Մարգահովիտ գյուղի դպրոցին մարզասարքերի տրամադրման» դրամաշնորհային ծրագրի շրջանակում 21.300 ԱՄՆ դոլար կտրամադրվի «Մարգահովիտի երիտասարդական կենտրոն» ՀԿ-ին՝ աշակերտների և մեծահասակների համար Մարգահովիտի դպրոցում խաղահրապարակ ու մարզվելու տարածք կառուցելու, համայնքում առողջ ապրելակերպը խրախուսելու և աշակերտների համար առավել նպաստավոր կրթական միջավայր ապահովելու նպատակով: Խաղահրապարակը և մարզվելու տարածքը նախատեսված են համայնքի՝ ավելի քան 400 աշակերտների և 3000 մեծահասակների համար:
«Նոյեմբերյանում կանանց և երիտասարդների համայնքային կենտրոնի ստեղծման» ծրագրի շրջանակում 70.955 ԱՄՆ դոլար կտրամադրվի Հայ Առաքելական Եկեղեցու Տավուշի թեմին՝ Նոյեմբերյանում համայնքային սոցիալական-կրթական կենտրոն ստեղծելու նպատակով: Դրամաշնորհային նախագծերն իրականացվում են «Մարդկային անվտանգության «Grassroots»» ծրագրի շրջանակում»,-ասված է հաղորդագրության մեջ:
© 2019–2026 Armenia Today. Բոլոր իրավունքները պաշտպանված են։
Նյութերն օգտագործելիս armeniatoday.am-ին հղումը պարտադիր է։







