ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը հայտարարել է, որ ցորենի գնումը կատարել է ոչ թե ՀՀ կառավարությունը, այլ մասնավորը։ Այսպես է նա ԱԺ-Կառավարություն հարցուպատասխանի ժամանակ մեկնաբանել Ռուսաստանի արտաքին հետախուզության ծառայության հաղորդագրությունը, թե Երևանը մտադիր է ուկրաինական ցորեն գնել ավելի բարձր գնով՝ ծախսերը եվրոպական ֆինանսավորմամբ փոխհատուցելու հեռանկարով։
«Այդ գնումը կառավարությունը չի իրականացրել։ Գնումն իրականացրել է մասնավորն իր կարիքների համար։ Կառավարության բանակցությունների արդյունքում ճանապարհ է բացվել, բերվել է այդ ճանապարհով»,- պարզաբանել է Փաշինյանը։
Նա հայտարարել է, որ Ռուսաստանից ցորեն գնելուց Հայաստանը երբևէ չի հաժարվի։
«Հայաստանը երբեք չի հրաժարվի Ռուսաստանից ցորեն գնելուց, բայց Հայաստանը չի հրաժարվի նաև տեսնել՝ շուկայում է՞լ ինչ կա։ Բացառված է, որ մեկը գա, մեզ ասի՝ «ցորեն ունենք, կարո՞ղ է առնեք», մենք ականջներս փակենք ու փախչենք այդտեղից»,- նշել է վարչապետը։
Ավելի վաղ Փաշինյանը «բացարձակ անհեթեթություն» էր անվանել Ռուսաստանի արտաքին հետախուզության ծառայության (ԱՀԾ) հայտարարությունը, որ Հայաստանը, քաղաքական պատճառներով, ձգտում է հեռանալ Մոսկվայից և աջակցել Կիևին՝ ռուսական հացահատիկի փոխարեն ուկրաինական հացահատիկ գնելով, չնայած դրա ավելի բարձր գնին։
Նոյեմբերի 6-ին հայտնի էր դարձել, որ Ռուսաստանը մտադիր է մինչև 2026 թվականի հունվարի վերջը Հայաստան ուղարկել ավելի քան 130 վագոն ցորեն՝ Ադրբեջանի տարածքով անցնող նոր երկաթուղային երթուղով։




































