Հայաստանը մտադիր չէ հրաժարվել ռուսական հացահատիկի մատակարարումներից՝ հօգուտ ուկրաինականի, հայտարարել է ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանն ԱԺ-ի իր ճեպազրույցում։
Նա «բացարձակ անհեթեթություն» է անվանել Ռուսաստանի արտաքին հետախուզության ծառայության (ԱՀԾ) հայտարարությունը, որ Հայաստանը, քաղաքական պատճառներով, ձգտում է հեռանալ Մոսկվայից և աջակցել Կիևին՝ ռուսական հացահատիկի փոխարեն ուկրաինական հացահատիկ գնելով, չնայած դրա ավելի բարձր գնին։
«Այնուամենայնիվ, ինչպես ընդգծում է Երևանը, դա սկզբունքի հարց է. բարեկամությունը՝ բարեկամություն, իսկ փողը՝ առանձին։ Բրյուսելին խնդրում են փոխհատուցել ուկրաինական հացահատիկի ավելցուկային արժեքը»,- ասվում է ԱՀԾ-ի հայտարարության մեջ։
Ծառայությունը ռուսական հացահատիկից հրաժարվելու Հայաստանի ծրագրերն անվանել է «Երևանի համբույր»՝ նույնացնելով Հուդայի համբույրի հետ։ Նրա աղբյուրների համաձայն՝ ԵՄ-ն դեռևս չի որոշել, թե արդյոք կրելո՞ւ է այդ ծախսերը, քանի որ փոխհատուցումը պետք է պարբերաբար վճարվի։ Հայտարարության մեջ նշվում է, որ ԵՄ-ն ներկայումս թույլ չի տալիս օգտագործել սառեցված ռուսական ակտիվներն այդ նպատակով։
Ավելի վաղ հայտնել էինք, որ Ռուսաստանը մտադիր է մինչև 2026 թվականի հունվարի վերջը Հայաստան ուղարկել ավելի քան 130 վագոն ցորեն՝ Ադրբեջանի տարածքով անցնող նոր երկաթուղային երթուղով։




































