ՀՀ ազգային ժողովի տնտեսական հարցերի մշտական հանձնաժողովի նախագահ Բաբկեն Թունյանը վստահեցնում է, որ բանկային համակարգը կարող է ամփոփ թվով տեղեկանք ներկայացնել, թե պետության աջակցությունը ստացած անձանցից քանիսն ունի ավանդ ՝ առանց մարդկանց նույնականացնելու, և դա բանկային գաղտնիքի խախտում չէ: Թունյանն այս մասին ասաց լրագրողների հետ հանդիպմանը՝ անդրադառնալով քննարկումներին՝ վարչապետի այն հայտարարության մասին, թե կորոնավիրուսի տնտեսական հետևանքների չեզոքացման 9-րդ ծրագրի շահառուների շրջանում կան մարդիկ, որոնք 20 մլն դրամ և ավելի ավանդներ ունեն բանկերում:
Թունյանը նկատեց, որ վարչապետի այդ խոսքից հետո սկսեցին արվել հայտարարություններ, թե Հայաստանում բանկային գաղտնիքը պաշտպանված չէ, բանկային համակարգին վստահել չի կարելի:
«Շատ դեպքերում մարդիկ կարող էին նման կասկած ունենալ, քանի որ մանրամասն չեն տիրապետում այդ ամբողջ ընթացակարգերին: Սակայն որոշ դեպքերում դա արվում էր ակնհայտ միտումնավոր, որպեսզի մարդկանց մոտ տպավորություն առաջանա, որ իշխանությունը զբաղված է Բանկային գաղտնիքի մասին օրենքը խախտելով»,-ասաց պատգամավորը:
Նա նկատեց, որ շատերին իսկապես հետաքրքիր է, թե իրոք ինչպես եղավ, որ պետությունն իմացավ՝ շահառուներից քանիսը ունեին 20 մլն դրամից կամ 1 մլրդ դրամից ավելի ավանդ: Թունյանը տվեց այդ հարցի պատասխանը: «Յուրաքանչյուր անձի ունեցած ավանդի մեծությունը, դրա հաշվիների շարժը, վերցրած վարկերի ծավալն իրոք հանդիսանում են բանկային գաղտնիք, և որևէ մեկը չի կարող առանձին անձի վերաբերյալ տվյալներ ունենալ: Բայց ամփոփ տվյալներ պետական մարմինները, ինչպես նաև լրագրողները կարող են հարցում անել և ստանալ: Տվյալ պարագայում բանկային համակարգը կարող է ամփոփ տեղեկանք պատրաստել և ներկայացնել, որ x բանկի միջոցով աջակցություն է ստացել 30 հազար շահառու: Այն կարող է տեղեկանք ներկայացնել և ասել, թե այդ 30 հազար շահառուի մեջ քանի հոգի ունի 10 մլն դրամի ավանդ, քանի հոգի՝ 20 մլն դրամից ավելի ավանդ՝ առանց կոնկրետ ավանդատուներին նույնականացնելու, առանց մարդկանց հաշիվների շարժի մասին տեղեկացնելու: Դա ամփոփ ինֆորմացիա է, որը ԿԲ-ն պարբերաբար ավանդների, վարկային հաշվիների, վարկառուների վերաբերյալ տրամադրում է»,-նշեց նա:
Թունյանը նկատեց՝ ընդ որում նաև երկար տարիներ պատասխանատու պետական պաշտոններ զբաղեցրած անձինք են անում հայտարարություններ, թե վարկառուների և ավանդատուների թվի և ծավալի մասին տեղեկատվությունը բանկային գաղտնիք է: Պատգամավորի կարծիքով՝ առանց նույնականացման՝ ավանդատուների թիվը, որոշակի տվյալներ ներկայացնելը ոչ միայն բանկային գաղտնիք չէ, այլ նաև անհրաժեշտ ինֆորմացիա է, որպեսզի պետությունը կարողանա ճիշտ քաղաքականություն մշակել և ճիշտ օրենք ընդունել:
Անդրադառնալով ԱԺ նիստերի դահլիճում ավելի վաղ արած իր հայտարարությանը, թե ովքեր դա չեն հասկանում, կամ բութ են, կամ սրիկա՝ պարզաբանեց՝ խոսքը վերաբերվում է ոչ թե այն մարդկանց, որոնք այդպես են մտածում, կասկածում են, այլ խոսքը վերաբերվում է այն մարդկանց, որոնք միտումնավոր ուղղակի մեղադրանք են հնչեցնում գործող իշխանությունների հասցեին: Թունյանը նշեց՝ եթե իր այս բացատրությունից հետո ինչ-որ մեկը իրեն կապացուցի, որ ինքը սխալ է ասում, և այդ տարբերակով հնարավոր չէր այդ ինֆորմացիային տիրապետել, ինքը կընդունի որ սխալ է: Պատգամավորը վստահեցրեց, սակայն, իր խոսքը վերաբերվում էր այն մարդկանց, որոնք, տիրապետելով այդ ամենին, անում են հայտարարություններ՝ կոնկրետ շահեր հետապնդելով, ոչ թե այն բոլոր հայրենակիցներին, որոնք կարող էին նման կերպ մտածել:
«Երևի քաղաքական փորձառությունս այդքան բավարար չէր, որ խոսքս այնպես ձևակերպեի, որ շահարկումների տեղիք չտար, և մարդիկ, բուն թեման թողած, կոնկրետ իրենց ուղղված խոսքը չուղղորդեին հասարակության բոլոր անդամների վրա»,-եզրափակեց Թունյանը:
Թունյանին նաև հարց ուղղվեց «Բարգավաճ Հայաստան» խմբակցության պատգամավոր Միքայել Մելքումյանի այն հայտարարության վերաբերյալ, թե պետությունն օրական կորցնում է մոտ 40 միլիոն դոլար, ինչին ի պատասխան՝ Թունյանն ասաց, թե չգիտի՝ ընդդիմադիր պատգամավորն այդ թիվն ինչ հաշվարկների հիման վրա է ստացել, բայց Կառավարության որոշումները կայացվում են՝ բոլոր հանգամանքները հաշվի առնելով:
© 2019–2026 Armenia Today. Բոլոր իրավունքները պաշտպանված են։
Նյութերն օգտագործելիս armeniatoday.am-ին հղումը պարտադիր է։







