Սաուդյան Արաբիայում կայացած UNWTO նիստում Հայաստանի էկոնոմիկայի նախարար Գևորգ Պապոյանն ու Իրանի մշակութային ժառանգության, զբոսաշրջության նախարար Սեյեդ Ռեզա Սալեհը քննարկել են զբոսաշրջության զարգացման հարցեր, հայտնել է ՀՀ էկոնոմիկայի նախարարությունը։
Բանակցությունները տեղի են ունեցել ՄԱԿ-ի Զբոսաշրջության համաշխարհային կազմակերպության (ՄԱԶԿ) Գլխավոր ասամբլեայի 26-րդ նստաշրջանի շրջանակներում։
Քննարկումը կենտրոնացած էր երկու երկրների միջև առկա հարաբերությունների ընդլայնման հնարավորությունների, այդ թվում՝ զբոսաշրջության ոլորտում համագործակցության հեռանկարների և երկու երկրների հարուստ մշակութային ժառանգության ու հսկայական զբոսաշրջային ներուժի վերաբերյալ իրազեկվածության բարձրացման վրա։ Երկու կողմերը քննարկել են նաև զբոսաշրջային հոսքերի աճը։
Հայաստանն ու Իրանը օգոստոսի 19-ին մշակույթի, կինոյի, թանգարանային փոխանակումների և առևտրային կապերի ընդլայնման ոլորտներում համագործակցության զարգացման հուշագրեր էին ստորագրել Իրանի նախագահ Մասուդ Փեզեշքիանի՝ Երևան կատարած այցից հետո։ Իրանի արտաքին գործերի նախարար Աբբաս Արաղչին հայտարարել էր, որ դիվանագետները շուտով կավարտեն Երևանի և Թեհրանի միջև համապարփակ ռազմավարական համագործակցության վերաբերյալ փաստաթղթի մշակումը։
Սեպտեմբերին Երևանում հրաժեշտի ասուլիսին Հայաստանում Իրանի դեսպան Մեհդի Սոբհանին կանխատեսել էր, որ երկկողմ առևտրաշրջանառությունը տարեվերջին կգերազանցի 900 միլիոն դոլարը։
Կարդացեք նաև՝
«Սպասողական տակտիկա՞», թե՞ «ռեսուրսների պակաս». փորձագետները գնահատել են Իրանի մեղմ հռետորաբանությունը Սյունիքում Թրամփի նախագծի վերաբերյալ
© 2019–2026 Armenia Today. Բոլոր իրավունքները պաշտպանված են։
Նյութերն օգտագործելիս armeniatoday.am-ին հղումը պարտադիր է։







