Հայկական կողմն Իրանին մանրամասներ է ներկայացրել վաշինգտոնյան պայմանավորվածությունների վերաբերյալ՝ հավաստիացնելով, որ Հայաստանը երբեք թույլ չի տա, որ իր տարածքից որևէ սպառնալիք առաջանա Իրանի դեմ։ Այս մասին, ըստ Tasnim գործակալության, հայտարարել է Իրանի արտգործնախարար Աբբաս Արաղչին՝ մեկնաբանելով Իրանի նախագահի գլխավորած պատվիրակության այցը Երևան:
Արաղչիի խոսքով՝ պաշտոնական Երևանն անհրաժեշտ հավաստիացումներ է տվել, որ ծանոթ է Իրանի «կարմիր գծերին», հաշվի է առել դրանք և միշտ հաշվի կառնի:
Արտգործնախարարն ասել է, որ Հայաստանում կայացած քննարկումները լուրջ էին, հայ և իրանցի պաշտոնյաները շատ խորքային զրույցներ են ունեցել:
«Թե՛ երկու երկրների տնտեսական համագործակցության վերաբերյալ, որն ընդգրկուն է՝ ներառյալ առևտուր, ներդրումներ, տեխնիկական և ինժեներական ծրագրերի իրականացում, և թե՛ մշակութային համագործակցության, որն էլ լայն է՝ պայմանավորված երկու երկրների մշակութային կապերով»,- շեշտել է Արաղչին։
Օգոստոսի 10-ին Իրանի իշխանությունները հայտնել էին, որ Սյունիքով անցնող միջանցքի նախագիծը, որը համաձայնեցվել է Հայաստանի և Ադրբեջանի կողմից, հաշվի է առնում Թեհրանի հիմնական պահանջները։ Միևնույն ժամանակ, Իրանի արտաքին գործերի նախարարությունն զգուշացրել էր, որ տարածաշրջանում ցանկացած օտարերկրյա ներկայություն կարող է բացասաբար անդրադառնալ խաղաղության և կայունության վրա, բայց, ընդհանուր առմամբ, ողջունել էր համաձայնագրի ստորագրումը: Մինչ այդ Իրանի գերագույն առաջնորդի խորհրդական Ալի Աքբար Վելայաթին հայտարարել էր, որ Իրանը կխոչընդոտի ամերիկյան, այսպես կոչված, «Զանգեզուրի միջանցքի» ստեղծմանը, ինչը, ըստ նրա, կհանգեցնի Հայաստանի «քայքայմանը»:
Իրանի նախագահ Մասուդ Փեզեշքիանի հետ համատեղ ասուլիսի ժամանակ ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանն ասել էր, որ երկուստեք համաձայնել են հայ-իրանական հարաբերությունները բարձրացնել ռազմավարական գործընկերության մակարդակի։ Վարչապետը նաև նշել էր, որ բանակցությունների ընթացքում կողմերը շեշտել են Հայաստանի և Իրանի միջև միջազգային սահմանների անձեռնմխելիության և անարգել հաղորդակցության կենսական կարևորությունը։




































