ՀՀ էկոնոմիկայի նախարարությունում քննարկել են Starbucks սուրճի համաշխարհային ցանցի՝ հայաստանյան շուկա մուտք գործելու հնարավորությունները, հայտնել են նախարարությունից։
Նշվում է, որ նախարար Գևորգ Պապոյանը հոկտեմբերի 8-ին այս մասին խոսել է Starbucks-Alshaya Group Eurasia ընկերության փոխնախագահ Ֆիգեն Իլգազիի և անշարժ գույքի գծով տնօրեն Հանզադե Կուղուիի հետ։ Պապոյանը պատրաստակամություն է հայտնել աջակցել ընկերության ներկայացվածությանը հայկական շուկայում՝ ընդգծելով, որ այդ քայլը մեծապես կնպաստի նաև ՀՀ-ում զբոսաշրջային հոսքերի ավելացմանը։
«Հայաստանն առաջարկում է կայուն, բաց և բարեփոխումներին միտված բիզնես միջավայր՝ հենված երիտասարդ և բարձր կրթական ներուժ ունեցող մարդկային ռեսուրսների, զբոսաշրջության ոլորտի շարունակական աճի, ինչպես նաև դինամիկ զարգացող և մրցունակ սպառողական շուկայի վրա»,- նշել է Պապոյանը։
Կողմերը քննարկել են Հայաստանի սրճարանային ոլորտի զարգացման հնարավորությունները՝ անդրադառնալով ներուժին, ենթակառուցվածքների կատարելագործման հնարավորություններին։ Ընկերության ներկայացուցիչները հավելել են, որ Starbucks-ն այսօր գործում է շուրջ 86 երկրում, ունի 40 հազարից ավելի սուրճի կետեր և հետաքրքրված է ընդլայնել իր գործունեությունը տարածաշրջանում։






































