ՀՀ կառավարությունը հավանություն տվեց Ենթակառուցվածքային ներդրումների ասիական բանկին Հայաստանի բաժանորդագրության գործիքին` վճարելով 7,5 մլն ԱՄՆ դոլար:
Բանկին ՀՀ-ի բաժանորդագրության գործընթացը նախատեսում է բաժանորդագրում բաժնետիրական կապիտալի բաժնեմասերին՝ վճարվող և ցպահանջ բաժնեմասերի միջոցով: Ներկայումս Հայաստանին առաջարկվել է անդամակցել ԵՆԱԲ-ին առավելագույնը 374 բաժնեմասով, որից 299-ը կազմում են ցպահանջ բաժնեմասերը, իսկ մնացած 75 բաժնեմասի գծով գումարը կազմում է 7,5 մլն դոլար, որը ենթակա է վճարման 5 հավասարաչափ մասնաբաժնով` յուրաքանչյուրը 1,5 մլն դոլար:
Բանկին բաժանորդագրումը, ըստ նախագծի, Հայաստանին հնարավորություն կընձեռի մասնակցելու տարածաշրջանային խոշոր ներդրումային ծրագրերին, համագործակցել զարգացման բազմակողմ և երկկողմ այլ հաստատությունների հետ ու ներգրավել պետական և մասնավոր կապիտալ: Նշվում է, որ բանկին անդամակցումը նոր խթան կհաղորդի հայ-չինական տնտեսական և քաղաքական երկխոսությանը:
Բանկը հիմնադրվել է 2015 թվականին Չինաստանի կողմից: Այն բազմակողմ զարգացման բանկ է, որի նպատակն է նպաստել Ասիա-խաղաղօվկիանոսյան տարածաշրջանում կայուն տնտեսական զարգացմանը, ստեղծել բարեկեցություն՝ բարելավելով ենթակառուցվածքները միջազգային բազմակողմ և երկկողմ զարգացման կառույցների հետ սերտ համագործակցությամբ: Բանկին անդամակցում է 106 հաստատված անդամ երկիր, հիմնադիր 57 անդամ երկիր, այդ թվում՝ ՀՀ բոլոր չորս հարևանները: Չինաստանը, Հնդկաստանը և Ռուսաստանը գլխավորում են կազմակերպությունը՝ ՉԺՀ-ի կարևորագույն որոշումների վրա վետոյի փաստացի իրավունքով։
ԵՆԱԲ-ի հիմնական տեսլականը կանաչ ենթակառուցվածքների ստեղծումն է՝ հիմնված նոր տեխնոլոգիաների, ժամանակակից մարտահրավերներին արձագանքելու և կայունություն ապահովելու վրա։
© 2019–2026 Armenia Today. Բոլոր իրավունքները պաշտպանված են։
Նյութերն օգտագործելիս armeniatoday.am-ին հղումը պարտադիր է։







