Կորոնավիրուսի պանդեմիայի հաղթահարումից հետո հայկական կողմը մտադիր է չինական կողմի հետ բանակցություններ սկսել «Շանսի-Նաիրիտ» ձեռնարկության հարցով:
Այս մասին այսօր՝ մայիսի 7-ին, խորհրդարանում հայտարարել է տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարար Սուրեն Պապիկյանը։
Նրա խոսքով՝ լինելով այդ ձեռնարկության բաժնետեր Հայաստանը պետք է դրանից օգուտ ստանա։
«Այս ձեռնարկությունում բաժնեմասի առկայությունը չպետք է խորհրդանշական լինի։ Մենք ցանկանում ենք մեր գործընկերների հետ ավելի առարկայական բանակցություններ սկսել», — հայտարարել է նա։
Որպես բանակցությունների առարկա կդիտարկվի Հայաստանին ձեռնարկության արտադրանքն ինքնարժեքով տրամադրելու հնարավորությունը՝ հետագա վերավաճառքի նպատակով։
«Դա կարող է մեզ համար էական հնարավորություններ ստեղծել», — հայտարարել է Պապիկյանը: Նախարարը նշել է, որ կառավարությունը նպատակ ուներ այդ տարածքներում բանակցություններ սկսել արդեն այս տարի, սակայն համաճարակը կանգնեցրել է գործընթացը։
Բացի նշված առաջարկից, հայկական կողմը մտադիր է չինացի գործընկերների հետ քննարկել նաև այլ հարցեր, որոնք ավելի խորքային ուսումնասիրություն են պահանջում, հայտարարել Է նա՝ հրաժարվելով մանրամասներ ներկայացնել:
«Դա անդրադառնում է նաև մեր երկրների միջև հարաբերություններին, ուստի այս փուլում ես չէի ցանկանա խոսել այդ մասին», — հայտարարել է Պապիկյանը՝ նշելով, որ բանակցությունները կսկսվեն կորոնավիրուսի համաճարակի հաղթահարումից հետո:
© 2019–2026 Armenia Today. Բոլոր իրավունքները պաշտպանված են։
Նյութերն օգտագործելիս armeniatoday.am-ին հղումը պարտադիր է։







