Հայաստանի 2020 թվականի պետական բյուջեի մասին օրենքում փոփոխությունների քննարկումների ժամանակ թյուր տպավորություն է ստեղծվել, թե այս օրինագծով կառավարությունը փորձում է խորհրդարանին զրկել որոշակի լիազորություններից, թեև ոչ երկար ժամանակով։
Այս մասին այսօր՝ ապրիլի 29-ին, խորհրդարանում հայտարարել է ՀՀ ֆինանսների նախարար Ատոմ Ջանջուղազյանը։
Նա վստահեցրեց, որ 2020 թվականի պետական բյուջեի մասին օրենքում փոփոխություններ և լրացումներ կատարելու մասին օրենքի նախագծով կառավարությանը ծախսեր կատարելու առումով ճկունություն է տրվում միայն համավարակի հետ կապված միջոցառումների իրականացման համար:
Պատգամավորների շրջանում տարընկալումները փարատելու համար, Ջանջուղազյանը ընթերցեց նախագծի առանցքային հատվածները:
«Առողջապահության համաշխարհային կազմակերպության կողմից որպես պանդեմիա ճանաչված կորոնավիրուսային վարակի, հիվանդության հետևանքների, այդ թվում նաև տնտեսական չեզոքացման և վերացման նպատակով փոփոխություններ կատարել օրենքի համար 1 և համար 3 հավելվածներում՝ այդ թվում չսահմանափակվելով սույն օրենքով չնախատեսված լրացուցիչ մուտքեր ներգավելու, չնախատեսված ծրագրեր և միջոցառումներ հաստատելու և օրենքի 2-րդ հոդվածով հաստատված պակասուրդի ֆինանսավորման ընդհանուր գումարը ոչ ավել, քան վերանայված անվանական արժեքի 6 տրլն 485 մլրդ դրամի 5 տոկոս ավելացնելու եղանակով»,-ասաց Ջանջուղազյանն ու վստահեցերեց՝ խոսքը վերաբերում է ոչ թե ընդհանրապես պետական բյուջեում նախատեսված միջոցառումներին, այլ միայն այն միջոցառումներին, որոնք կապված են կորոնավիրուսային վարակի դեմ պայքարի նպատակով իրականացվող միջոցառումներին:
Ջանջուղազյանն ընդգծեց, որ խոսքը ոչ թե պետբյուջեով նախատեսված բոլոր միջոցառումների մասին է, այլ միայն նրանց, որոնք կոչված են թույլ չտալու հիվանդության տարածումը և չեզոքացնելու համաճարակի հետ կապված հետևանքները:
«Այս նախագծով չենք գեներացնում անկառավարելի ռիսկեր, ճիշտ հակառակը՝ տալիս ենք բավարար չափով ճկունություն՝ համարժեքորեն արձագանքելու ստեղծվող և սպասվող զարգացումներին՝ այն տրամաբանությամբ, որ առկա է ներկա անորոշության պարագայում»,-եզրափակեց նախարարը:
Պատգամավորներից մի քանիսը ապրիլի 28-ի ԱԺ նիստում քննարկմանը մտահոգություն էին հայտնել՝ մասնավորապես նշել, որ նախագծով ըստ էության, խորհրդարանից վերցվում է կարևորագույն լիազորություններից մեկը՝ գործադիր իշխանության ծախսերը վերահսկելու լիազորությունը: 2020 թվականի պետական բյուջեի մասին օրենքում փոփոխությունների նախագծով 2020 թվականին հարկային եկամուտները պետական բյուջեի սցենարի համեմատ կնվազեն մոտ 169.1 մլրդ դրամով: Արդյունքում, անփոփոխ պահելով ծախսերի մակարդակը և ներառելով 150 մլրդ դրամ տնտեսության օժանդակության փաթեթները` պետական բյուջեի պակասուրդը կաճի` հասնելով ՀՆԱ-ում 5.0%-ի, իսկ պետական բյուջեի լրացուցիչ ֆինանսավորման կարիքը կկազմի շուրջ 260 մլրդ դրամ:
© 2019–2026 Armenia Today. Բոլոր իրավունքները պաշտպանված են։
Նյութերն օգտագործելիս armeniatoday.am-ին հղումը պարտադիր է։







