«Բարգավաճ Հայաստան» խմբակցության պատգամավոր Սերգեյ Բագրատյանը Ազգային ժողովում 2020թ. պետական բյուջեի մասին օրենքում փոփոխություններ և լրացումներ կատարելու մասին օրենքի նախագծի քննարկմանը նշեց, որ կորոնավիրուսով պայմանավորված իրավիճակն աշխարհում այնպիսին է, որ Հայաստանը կարող է ֆորս-մաժոր հայտարարել։ Դա, ըստ պատգամավորի, թույլ կտա հետաձգել պետական պարտքի մարումները, քանի որ միջազգային իրավունքի պրակտիկայում անհաղթահարելի ուժը պետությանը միջազգային իրավական պատասխանատվությունից ազատող հանգամանք է:
Դիտարկմանը ՀՀ ֆինանսների նախարար Ատոմ Ջանջուղազյանը պատասխանեց, որ թեև առաջին հայացքից շատ գրավիչ է, օրինակ՝ 100 մլն դոլարի չափով սպասարկման հետաձգումը և այդ միջոցները ներքին նպատակներով օգտագործելու հեռանկարը, սակայն պետք է հարցին նաև մյուս կողմից նայել:
«Եթե միայն միջազգային ֆինանսական կազմակերպությունները լինեին, ապա գուցե Ձեր մտադրությունն իրականանալի կլիներ: Սակայն մենք մեզ համար, որպես հեռանկար չենք տեսնում չէ՞ միջազգային ֆինանսական կազմակերպությունների հովանու ներքո մնալը, մենք հեռանկարում տեսնում ենք, որ ինքներս ենք դոնոր դառնալու: Եվ դրան ուղղված քայլ է նաև այն, որ մենք այլևս անճանաչելի չենք միջազգային ֆինանսական քարտեզի վրա»,-ասաց Ջանջուղազյանը և կարևորեց միջազգային ֆինանսական շուկաներում եվրապարտատոմոսերի երեք թողարկումները:
Նշենք, որ «Հայաստանի Հանրապետության 2020թ. պետական բյուջեի մասին» օրենքում փոփոխություն և լրացումներ կատարելու մասին և կից ներկայացված օրենքների նախագծերով առաջարկվում է՝ համավարակի տնտեսական ազդեցությունը մեղմելու համար ներգրավել մոտ 260 մլրդ դրամ լրացուցիչ պարտքային միջոցներ:
© 2019–2026 Armenia Today. Բոլոր իրավունքները պաշտպանված են։
Նյութերն օգտագործելիս armeniatoday.am-ին հղումը պարտադիր է։







