Տնտեսական հետևանքները վերացնող 8-րդ ծրագրի շահառուներն իրենց չեն գտնում այդ ծրագրում: Այս մասին այսօր Ազգային ժողովում հայտարարեց «Լուսավոր Հայաստան» խմբակցության պատգամավոր Անի Սամսոնյանը:
Նրա խոսքերով՝ մեկ այլ խնդիր էլ այն է, որ մարդկանց տեղեկացնում են, որ նրանք պետք է 68 հազար դրամ օժանդակություն ստանան, բայց երբ մոտենում են բանկեր, ստանում են ավելի քիչ։ Պատգամավորը կառավարության ներկայացուցիչներին ասաց, որ նման բողոքներ են ստանում, և խնդրեց պարզաբանել՝ ինչու է այդպես ստացվում, որ նույն ընկերության աշախտողներից երեքը ստանում են, երկուսին ծրագիրը մեժում է:
«Կազմակերպություններ կան, որոնք ունեն գրանցված աշխատողներ, այդ մարդիկ պատահաբար որոշել են, որ պետք է օգտվեն 8-րդ միջոցառումից, լրացրել են իրենց տվյալները, և համակարգը հաստատել է, այնինչ այդ կազմակերպությունը չի ներառվում ութերորդ միջոցառման շահառուների խմբում, օրինակ՝ կարի արտադրամաս, մթերային խանութ»,-ասաց նա:
Սամսոնյանն տեղեկացրեց նաև, որ այս հարցի պատասխանը չի կարողացել ստանալ աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարությունից։
Ասվածին ՊԵԿ նախագահ Դավիթ Անանյանն արձագանքեց, որ հնարավոր է՝ գործունեության տեսակների դասակարգիչը սխալ լրացնելու պարագայում գործատուն հայտնվի տուժող գործատուների ցանկում, կամ պետք է լիներ տուժողների ցանկում, կամ հայտնված չէ:
«Իսկ երբ աշխատողներից երեքը հայտնվել են, երկուսը՝ չէ, դա նշանակում է, որ գործատուն ունի չգրանցված աշխատող»,-ասաց նա:
© 2019–2026 Armenia Today. Բոլոր իրավունքները պաշտպանված են։
Նյութերն օգտագործելիս armeniatoday.am-ին հղումը պարտադիր է։







