ՀՀ-ն, հանդիսանալով ԵԱՏՄ անդամ, ՌԴ ռազմավարական գործընկեր, պետք է ունենա գազի հնարավորինս ցածր սակագին։ Այս մասին ԱԺ-ում լրագրողներին ասաց ՀՀ ԱԺ ԼՀ խմբակցության ղեկավար Էդմոն Մարուքյանը։
«Գազի գնի բարձրացման վերաբերյալ ՌԴ հայտի հենց հաջորդ օրն եմ հայտարարել, որ պետք է մերժվի։ Նախ ելնելով նրանից, որ միջազգային շուկայում գազի գինը նվազել է և, այն, որ մենք խորը ճգնաժամի մեջ ենք։ Եթե մենք նույն գործընկերային հարթության մեջ ենք՝ խոսքը ԵԱՏՄ-ի մասին է, չենք կարող մեր գործընկերների նկատմամբ, այն էլ ճգնաժամի պայմաններում, նման մոտեցում դրսևորել։ Ռուսական կողմը իր հայտը պետք է հետ վերցնի, եթե ոչ՝ Հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողովը պետք է մերժի այն», — ասաց Մարուքյանը։
Ավելի վաղ ՀՀ կառավարությունը Ռուսաստանին առաջարկել էր սահմանին գազի գնի նվազեցման շուրջ բանակցություններ սկսել։
Անդրադառնալավ արտակարգ դրության երկարացմանը՝ «Լուսավոր Հայաստան» խմբակցության ղեկավարն ասաց, թե այն երկարացնելու կարիք չկար, և սահմանափակումները պետք է պահպանվեին մի շարք հաստատություններում, մնացած դեպքերում՝ թուլացվեին:
«Հիմա մենք ունենք իրավիճակ, որ և՛ տնտեսությունն ենք կործանում, և՛ առողջապահական իմաստով կանգ չունենք, վարակը շարունակվելու է, հետևաբար պետք է սովորել ապրել կորոնավիրուսի պայմաններում: Մենք պետք է հնարավորություն տանք՝ մեր ժողովուրդը աշխատի, բայց հարց է՝ նրանք, ովքեր հիմա տանը նստած են, որ դուրս գան աշխատեն, իրենց աշխատատեղերը լինելու են, թե՞ ոչ»,-ասաց նա:
© 2019–2026 Armenia Today. Բոլոր իրավունքները պաշտպանված են։
Նյութերն օգտագործելիս armeniatoday.am-ին հղումը պարտադիր է։







