Կառավարությունն այսօր՝ ապրիլի 9-ին, հավանություն տվեց Եվրասիական տնտեսության մասին» պայմանագրում արձանագրության փոփոխություն կատարելու մասին օրենսդրական նախաձեռնությանը:
Հայաստանի տնտեսության վրա մաքսատուրքերի բարձրացմամբ պայմանավորված բացասական ազդեցությունը հնարավորինս մեղմելու նպատակով՝ Հայաստանը 5 տարուց ավելի անցումային ժամանակահատված վերցրեց՝ հիմնականում սպառողական զամբյուղում ներառված առավել կարևոր ապրանքների համար: Այդ ապրանքային խմբերի մի ստվար հատվածի համար անցումային ժամանակահատվածն ավարտվում է 2020 թվականին:
2020 թվականի հունվարի 1-ից նախատեսված մաքսատուրքերի բարձրացումը կհետաձգվի մեկ տարով՝ բացառությամբ 87 ապրանքային խմբում ընդգրկված վերգետնյա տրանսպորտային միջոցների։
Համաձայն արձանագրության՝ այն արտոնյալ սակագները, որ Հայաստանի Հանրապետությունը դեռ 2015 թվականին ստացել է, և որոնք ավարտվում էին 2020 թվականի հունվարին, երկարաձգվում են մինչև 2021 թվականի հունվար։
Մհեր Գրիգորյանը տեղեկացրեց, որ այն վերաբերում է մի շարք պարենային և արդյունաբերական ապրանքների, որոնց գինը արձանագրության ուժի մեջ մտնելու պահից միջինը 3 տոկոսով կնվազի։
«Խոսքը մսի, կարագի, բրնձի, ձեթի, ծխախոտի հումքի, մի շարք դեղագործական արտադրանքների, պարարտանյութերի ու մի շարք այլ ապրանքների մասին է»,- ասաց փոխվարչապետը։
© 2019–2026 Armenia Today. Բոլոր իրավունքները պաշտպանված են։
Նյութերն օգտագործելիս armeniatoday.am-ին հղումը պարտադիր է։







