Կոնյակի սպիրտ արտահանող տնտեսավարողներին կտրամադրվի պետական աջակցություն։ Որոշումն ընդունվել է կառավարության օգոստոսի 29-ի նիստում։
Ըստ նախագծի՝ արտահանված յուրաքանչյուր լիտր կոնյակի սպիրտի համար պետությունը տնտեսավարողին կհատուցի 100 դրամի չափով։ Որոշումը թույլ կտա աջակցություն ցուցաբերել այն տնտեսվարողներին, որոնց մոտ, ըստ կառավարության հաշվարկների, 2020-2023 թվականներից մնացել են 30 մլն լիտր մթերված խաղողից արտադրված սպիրտի մնացորդներ։
«Իրացման շուկաներում ավելի մրցունակ գներով կոնյակի սպիրտ ներկայացնելու, կոնյակի սպիրտի արտահանման ծավալներն ավելացնելու, ինչպես նաև 2024 թվականի խաղողի մթերումների գործընթացն ապահովելու նպատակով կոնյակի սպիրտի արտահանման աջակցության ծրագրի իրականացման նպատակով առաջացող պարտավորությունները 2024 թվականի համար գնահատվում է շուրջ 700 մլն դրամ»,- նշված է նախագծում։
Ծրագրից օգտվող շահառուների պլանավորվող թիվը 5 մարդ է, իսկ կոնյակի սպիրտի արտահանման ծավալը՝ 7 մլն լիտր։
Օգոստոսի 20-ին ՏԱՍՍ-ը գրել էր ՌԴ-ում վաճառվող հայկական կոնյակների գրեթե 90%-ի ոչ անվտանգ լինելու մասին։ ՍԱՏՄ իրազեկման, խորհրդատվության և հանրության հետ տարվող աշխատանքների բաժնի պետ Անուշ Հարությունյանն Armenia Today-ին հայտնել էր, որ հայկական կոնյակների վերաբերյալ հետազոտության մասին ՌԴ-ից պաշտոնական նամակ չեն ստացել և սպասում են բացատրության։






































