Հայաստան ներմուծվող բժշակական և դեղորայքի արտադրության ապրանքների ցանկն ընդլայնվել է։ Այս մասին այսօր՝ ապրիլի 6-ին, Կառավարության մամուլի կենտրոնում հրավիրված ասուլիսի ժամանակ ասաց ՀՀ էկոնոմիկայի նախարարի տեղակալ Վարոս Սիմոնյանը։
«Մարտի 16-ին Եվրասիական տնտեսական հանձնաժողովի կողմից որոշում է կայացվել, որով կորոնավիրուսի դեմ պայքարի շրջանակում որոշ բժշակական ապրանքների ներմուծման մաքսատուրքերը զրոյացվել են։ Ապրիլի 3-ին այդ որոշման մեջ ևս մեկ փոփոխություն կատարվեց, և ցանկն ընդլայնվեց։ Ցանկը վերաբերում է բժշկական նշանակության ապրանքներին, ինչպես նաև դեղորայքի արտադրության մեջ կիրառվող նյութերին»,- ասաց Սիմոնյանը՝ տեղեկացնելով, որ ցանկը դրված է Եվրասիական տնտեսական հանձնաժողովի կայքում։
Վարոս Սիմոնյանը տեղեկացրեց, որ ներմուծման ժամանակ այդ ապրանքների հետ կապված տնտեսվարողը համապատասխան դիմում-հայտ պետք է ներկայացնի Առողջապահության նախարարություն և դրական եզրակացություն ստանալու պարագայում ապրանքները կներմուծվեն Հայաստան՝ զրոյական մաքսատուրքերով։
«Ցանկում ներառված են գրեթե բոլոր բժշկական սարքավորումները, հումքատեսակները, որոնք անհրաժեշտ են դեղորայքի արտադրության համար։ Ցանկում ներառված ապրանքատեսակների զրոյական մաքսատուրքերով ներմուծման ժամկետը գործում է մինչև սեպտեմբերի 30-ը»,- ասաց Սիմոնյանը։
© 2019–2026 Armenia Today. Բոլոր իրավունքները պաշտպանված են։
Նյութերն օգտագործելիս armeniatoday.am-ին հղումը պարտադիր է։







