ՀՀ Կառավարության մամուլի կենտրոնում այսօր՝ ապրիլի 3-ին, տեղի ունեցած ասուլիսի ժամանակ Էկոնոմիկայի նախարար Տիգրան Խաչատրյանն անդրադարձավ կորոնավիրուսի հետևանքով տնտեսական լուրջ դժվարությունների առջև կանգնած տնտեսվարողներին օժանդակության տրամադրման միջոցներին։
Պատասխանելով Armenia Today-ի հարցին, թե ի՞նչ քայլեր է պատրաստվում ձեռնարկել կառավարությունը՝ այս պահին ամենախոցելի ոլորտներին՝ զբոսաշրջությանը, հյուրանոցային բիզնեսին, ժամանցի ոլորտին աջակցելու համար՝ Խաչատրյանը նշեց․
«Մենք ունենք մեկ միջոցառում, որն ուղղված է փոքր բիզնեսին աջակցությանը․ դա 24-500 մլն դրամ 2018 թվականին շրջանառություն ունեցող անձանց պարզեցված ընթացակարգով ֆինասնական ռեսուրսները հասանելի դարձնելու գործիքն է»։
Խաչատրյանի խոսքով՝ այդ ոլորտը ներկայացնող կազմակերպությունների մի մասը այդ միջոցառման շահառուներն են։
«Կառավարության կողմից տրվում են 36 ամիս ժամեկտով վարկային ռեսուրսներ՝ առավելագույնը 50 մլն դրամ չափով, 2 տարի առանց տոկոսների վճարման և երրորդ տարվա ընթացքում զգալի մեղմ պայմաններով։ Այս միջոցառումը կազմակերպություններին հնարավորություն է տալիս ունենալ վարկային ռեսուրսներ, որոնք կարող են օգտագործել իրենց աշխատակիցների աշխատավարձերը վճարելու, հարկային պարտավորություններն ու կոմունալ վճարումները կատարելու, ինչպես նաև այս դժվար ժամանակներում իրենց գործունեությունը, թեկուզ կրճատված միջոցներով, կատարելու համար»,- նշեց նախարարը։
Խաչատրյանը հայտնեց, որ այս երրորդ միջոցառման համար, որն արդեն գործողության մեջ է, վերջին երկու օրերի ընթացքում ստացել են թվով 120 դիմումներ և 1,4 մլրդ դրամ ընդհանուր արժեքով վարկային պահանջ։
«Գործում է նաև թեժ գիծ՝ 8105 հեռախոսահամարով, որը մշտապես բաց է այն բոլոր ձեռնարկատերերի համար, ովքեր ունեն ընթացիկ պարզաբանման կարիք դիմումները ճիշտ լրացնելու համար»,- նշեց Խաչատրյանը։
© 2019–2026 Armenia Today. Բոլոր իրավունքները պաշտպանված են։
Նյութերն օգտագործելիս armeniatoday.am-ին հղումը պարտադիր է։







